Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկած «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության անվանումը հուշում է, որ դրա ռազմաքաղաքական ուղերձը շատ ավելի լայն է, քան զուտ Արցախյան հարցը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հանգամանքը թուլացնում է հայկական կողմի ուշադրության անհրաժեշտությունը: Հակառակը՝ այդ անհրաժեշտությունն ավելի է մեծանում, սակայն դրան զուգահեռ՝ ակնառու է, որ թուրք-ադրբեջանական զորավարժության հանդեպ համակ ուշադրության արժանի պետք է լինի ոչ միայն հայկական կողմը, այլև Կովկասի անվտանգային համակարգում սեփական մեծ կամ փոքր որևէ դեր կամ նշանակություն, որևէ շահ պատկերացնող ցանկացած այլ սուբյեկտ: Իսկ այդպիսիք անշուշտ շատ են, որոնց հնարավոր է բաժանել պայմանականորեն մոտ ու հեռու: Անմիջականորեն մոտ եռյակը պարզ է՝ Վրաստան, Իրան, Ռուսաստան: Պայմանական «հեռու» պետք է դիտարկել Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոշակի առումով հնարավոր է նաև Չինաստանը, որն անկասկած դանդաղ, սակայն համառ հետաքրքրության կենտրոնում է պահելու Կովկասը:
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք» անվանումը, որ Բաքուն ու Անկարան դրել են զորավարժության վրա, նպատակ ունի հղելու ռազմաքաղաքական պարզ ազդակ ոչ միայն թուրք-ադրբեջանական, այսպես ասած, աշխարհաքաղաքական միատարրության մասին, այլ նաև այդ միատարրության ռազմավարական թիրախավորման: Աթաթուրքի հիշատակումն այսպես զուտ պատմական հավակնոտություն կամ ցուցադրություն չէ, այլ պատմաքաղաքական բովանդակային հղում, որի տողատակում այլ բան չէ, քան պարզ ասած՝ պանթուրքիզմի գաղափարախոսությունն ու հեռանկարները: Իսկ դա նշանակում է հավակնություն ամբողջ Կովկասի նկատմամբ՝ որպես դրա կարևոր մի շղթա: Դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ հավակնության հարցում Արցախյան խնդիրը ընդամենը մի օղակ է, և այստեղ թե՛ Ադրբեջանի, թե՛ առավել ևս՝ մեծ եղբոր հավակնությունը բացարձակապես, այսպես ասած, «փոխզիջումային» կարգավորումը չէ, այլ ամբողջը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնի համատեքստում:
Դա նշանակում է, որ հաջորդ կամ զուգահեռ թիրախը լինելու է Վրաստանը, իսկ գլխավոր թիրախը՝ իհարկե, Ռուսաստանը: Կասկած չկա, որ այդ հանգամանքը լավ են գիտակցում թե՛ Մոսկվան, թե՛ մյուս բոլոր շահառուները՝ մոտ և հեռու: Այլ հարց է, թե նրանք ինչպես են տեսնում այստեղ իրենց շահերի պաշտպանությունը՝ նկատի ունենալով այն, որ այդ ընդհանուր կետում հատվելուց զատ, բազմաթիվ այլ կետերում դրանք արմատապես տարբեր են՝ թե՛ Մոսկվա-Թբիլիսի, թե՛ Մոսկվա-Թեհրան, թե՛ Մոսկվա-Վաշինգտոն, Թեհրան-Վաշինգտոն, Բեռլին, Փարիզ և այլն:
Խնդիրը, սակայն այն է, որ ժամանակի ընթացքում թերևս պարզ է դառնում, որ ամենաարդյունավետ կենտրոնացման կետը կամ հենակետը կարող է լինել Հայաստանը, որտեղ կարող են բալանսավորվել աշխարհաքաղաքական այդ իրարամերժ շահերը և գալ փոխզիջումների՝ հանուն Կովկասը ռեգիոնալ «բաց բաժնետիրության» սկզբունքով պահպանելու, որովհետև փակի գործնականում մեկ տարբերակ կա՝ թուրք-ադրբեջանական: Ռուսական «ՓԲԸ» Կովկասը եթե անգամ շարունակում է իշխել ռուսական իսթեբլիշմենտի ենթագիտակցության կամ գիտակցության մեջ, այդուհանդերձ ոչ միայն հեռանկար չունի, այլև գործնականում իր համառության դեպքում լինելու է Կովկասը թուրքական ՓԲԸ-ի վերածելու ուղիղ ճանապարհ: Մոսկվան կա՛մ «կբացի» Հայաստանը լայն կոնսենսուսի համար, կա՛մ համառելով փակ պահելու հարցում՝ հնարավոր ու անհնար ճնշման մասին մտածելով, ռեգիոնն իր հետ միասին սկուտեղի վրա կմատուցի Թուրքիային:
Իր հերթին, պետք չէ բացառել և այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դանդաղ, վայրիվերումներով, սակայն գործնականում տեղի է ունենում հենց այդ լայն կոնսենսուսի ծնունդը՝ իր ամբողջ բարդություններով ու «ցավերով» հանդերձ, ինչն էլ գուցե Բաքվին ու Անկարային ստիպել է բացվել իրենց հավակնոտ ազդակի հարցում:










































