Հանուն ևրոպական ապագայի և ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տևած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ և ինքնակազմակերպմամբ ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը:
Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի և հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարևան երկրի նկատմամբ սանձազերծեց ագրեսիա:
Այս գործողություննեը մենք գնահատում ենք որպես միջազգային հանրությանը և գլոբալ անվտանգությանը նետված մարտահրավեր, միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Այս գործողությունները հիշեցնում են Եվրոպայի պատմության ամոթալի դրվագները` 1938 թվականին Հիտլերի կողմից Ավստրիայի անշլյուսը և Չեխիայի բռնակցումը (անեքսիան):
Ուկրաինայում ստեղծված ներկայիս իրավիճակը էապես այլ կլիներ, եթե 2008 թվականին միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը հիմնված լինեյին Վրաստանին տրված անվտանգության գործուն երաշխիքների վրա, և արժանի հակահարված հասցվեր Կրեմլին:
Ներկա ճգնաժամային իրավիճակում ժողովրդավարական բոլոր ուժերի պարտքն է՝ փրկել ազատ Ուկրաինան զավթիչներից և սանձել Մոսկվայի կայսերապետական հավակնությունները:
Հույս ունենք, որ Ազատության համար պայքարող Ուկրաինան արթնացրել է քաղաքակիրթ աշխարհի հանրությանը, ձերբազատել նրան քրեաօլիգարխիկ, համկարգված կոռուպցիայի սկզբունքներով առաջնորդվող իշխանությունների «ինքնակամ փոխակերպման» հնարավորության պատրանքներից, ապացուցելով, որ այդպիսի ռեժիմները հեշտությամբ են ժխտում միջազգային պարտավորությունները և գործարքների գնում էությամբ իրենց հարազատ գործելաոճով առաջնորդվող Կրեմլի հետ:
Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների ոչ արժանապատիվ լռությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ:
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, բոլոր պետություններին և առաջին հերթին ԱՄՆ-ին և Եվրոպական միությանը՝
– կանխել Ուկրաինայի նկատմամբ ահագնացող բռնությունները և պաշտպանել նրա ազատ ընտրությունը, ինքնիշխանությունն ու միասնականությունը՝ համաձայն 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի պարտավորվածությունների,
– նետված մարտահրավերին համարժեք, միասնական դիրքորոշմամբ ու համակարգված գործողություններով կանգնեցնել ագրեսորին: Անհապաղ սկսել Ռուսաստանը Մեծ ութնյակի և Եվրոպայի խորհրդի կազմից հեռացնելու գործընթաց,
– բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ ՌԴ իշխանությ ունների հանդեպ դրսևորել համընդհանուր բոյկոտ և ՌԴ դեսպանատների դիմաց կազմակերպել բողոքի ակցիաներ,
– իրականացնել խիստ պատժամիջոցներ Պուտինի ռեժիմի առանցքային դեմքերի և նրա շրջապատի նկատմամբ՝ զրկել նրանց մուտքի արտոնագրերից, սառեցնել նրանց բանկային հաշիվները, սկսել նախաքննություն և պարզել այդ անձանց պատկանող ընկերությունների ու ձեռնարկությունների օրինականությունը:
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱԶԱՏ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե
Առուստամյան Գայանե- Երևան, Հայաստան
Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լևոն- Գյումրի, Հայաստան
Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս-Կիև, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն- Երևան, Հայաստան
Մկրտչյան Մուշեղ – Բրյուսել, Բելգիա
Նավասարդյան Բորիս- Երևան, Հայաստան
Հովհաննեսյան Զարուհի- Երևան, Հայաստան
Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, ԱՄՆ
Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան
Շահնազարյան Դավիթ- Երևան, Հայաստան








































