Մայիսի 1-ին Աշխատանքի տոնի առիթով հանրությանը հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հիշեցրել է երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու կառավարության նպատակը, որտեղ գերակա է դիտվում անհատական ջանքի խրախուսման քաղաքականությունը:
Ողջունելի նպատակների պակաս Հայաստանը չի ունեցել որևէ կառավարության շրջանում: Միաժամանակ ակնառու է, որ թավշյա հեղափոխությունից հետո հռչակվող նպատակները զուգորդվում են նաև հենց անհատի պատասխանատվության և ջանքի գործոնի շեշտադրումով, ինչը հույժ կարևոր գործոն է, որը բացակայել է նախկինում եղած հռչակագրերից: Պատճառն այն է, որ նախկին համակարգը իր սկզբունքով «բոլշևիկյան» էր, թեև հասարակարգային առումով Հայաստանն անկախությունից հետո դավանել է, այսպես ասած, ազատ շուկայական, մրցակցային արժեքներ և անցել դրանց վրա հիմնված հասարակարգային հարաբերությունների: Այդուհանդերձ, դա եղել է թղթի վրա, իսկ գործնականում Հայաստանում իշխել է «բոլշևիկյան» տրամաբանությամբ համակարգ, և խիստ խորհրդանշական էր, որ դրա ներկայացուցիչներից մեկը՝ Մանվել Գրիգորյանը, հենց «վերջին բոլշևիկ» էր բնութագրում Սերժ Սարգսյանին՝ կարծես կանխազգալով համակարգի վախճանը:
Ո՞րն էր ադ համակարգի բոշխևիկյան էությունը: Այն, որ համակարգը չէր հանդուրժում անհատի գործոնն ու շահը, գերական էր համակարգի շահը, և արդարացված էին դրան հասնելու բոլոր միջոցները: Եթե չգործեր այդ սկզբունքը, ապա համակարգը չէր կարող դիմադրել մեկ օր անգամ, որովհետև ներքին, այսպես ասած՝ խմբային և անհատական մակարդակում իշխող համակարգը վաղուց էր ընկղմվել չափազանց սուր հակասությունների մեջ:
Ավելին՝ բոլշևիկյան տրամաբանությունն ու սկզբունքը ենթադրում էին անհատի մերժում մեկ այլ պատճառով: Դա համակարգի ազդակն էր հանրությանը, որ, եթե կա երկրի կյանքում շատ թե քիչ հնարավորությունների արժանանալու ցանկություն, ապա անհրաժեշտ է դրսևորվել ո՛չ իբրև անհատ, այլ ինտեգրվել համակարգին և ընդունել խաղի կանոնները: Թավշյա հեղափոխությունն այդ համակարգի վախճանն էր, որը, սակայն, բացահայտեց մի լրջագույն խնդիր: Պարզվեց, որ խորհրդային իրականության մեջ տասնամյակներով սպանված անհատական ջանքի գործոնը շարունակվել է «սպանվել» նաև հետխորհրդային Հայաստանում, չնայած հասարակարգի փոփոխությանը:
Ստացվում է իրապես լրջագույն մի խնդիր, որն առավել զգայուն կարող է լինել կառավարող ուժի համար, ով էլ այն լինի: Ակնհայտ է, որ չկա բոլշևիկյան համակարգը, բայց փաստորեն չկա նաև ստեղծարար հանրություն, որովհետև չկա անհատական ջանքի «ինստիտուտը»՝ մարդիկ առավելապես պահանջատեր են կառավարությունից: Եվ, եթե ընդդիմադիր կարգավիճակում գտնվող ուժերի համար դա իրավիճակային էֆեկտ է, թույլ է տալիս առավել աշխույժ գեներացնել դժգոհությունն իշխանության նկատմամբ, հատկապես հակասահմանադրական իշխանության, ապա իշխանության կարգավիճակում հայտնվելիս արդեն առաջանում են խնդիրներ: Որովհետև, հեռացված է բոլշևիկյան համակարգը, որը ստանձնել էր պետական և հանրային կյանքի կազմակերպման գործառույթը՝ իհարկե, իշխանությունը յուրացնելու «դիմաց», բայց դրա փոխարեն ձևավորված չէ նոր համակարգ, այլ արժեքների և բաղադրիչների վրա:
Այստեղ է, որ պետք է ստեղծեն, խթանեն, զարգացնեն առավելապես անհատները, կամ, այլ կերպ ասած, պետք է ազատության հնարավորությունն օգտագործի անհատական ջանքի տարիներով, տասնամյակներով խեղդված ինստիտուտը, բայց այն չկա՝ իսկապես խեղդել են որպես «ինստիտուտ»: Ինչպե՞ս վերածնել այն, վերակենդանացնել, կամ ինչպես բազմապատկել եղածը, պահպանվածը, որն անկասկած կա, պարզապես զրկված է գեներացիոն կամ ինքնագեներացիոն ներուժից: Դա մի կողմից, անշուշտ, հետողական քարոզչական աշխատանքի խնդիր է, մյուս կողմից՝ անկասկած, շատ կոնկրետ կրթադաստիրակչական ռեֆորմի, որը պահանջում է շատ ավելի մեծ ժամանակ և ծավալ՝ կրթական սեգմենտից մինչև ընտանիքներ, շրջապատ և այլն: Այդ իմաստով՝ հետհեղափոխական փուլի անցումային բարդագույն խնդիրներից մեկը հենց դա է:
Մյուս կողմից՝ այստեղ կա, թերևս, մեկ այլ հանգամանք: Կառավարող նոր ուժը, անհրաժեշտաբար խոսելով անհատական ջանքի, դրա խրախուսման պատրաստակամության մասին, այդուհանդերձ, առայժմ կարծես թե թույլ է տալիս որոշակի մի բաց՝ ի տարբերություն, օրինակ, նույն բոլշևիկյան համակարգի: Ի վերջո, անհատի ջանքի խրախուսմամբ թե անհատի ջանքի կոնսերվացմամբ, բայց իրավիճակը կառավարում, առաջ է տանում, հանրության և ժողովրդի ստեղծագործական ուժը խորքային առումով գեներացնում է համակարգը: Եթե այն հետադեմ է կամ բոլշևիկյան, այն համակարգային համապատկերում կոնսերվացնում է անհատի ջանք «ինստիտուտը», բայց բավական հստակ և պարզ ներկայացնելով, թե ինչպես է անհատը տեղավորվում համակարգում՝ թեկուզ կոնսերվացված ջանքով կամ, այսպես ասած, անկումային ռեժիմում: Մնացյալն արդեն անհատի ընտրության հարցն է՝ մտնե՞լ, թե՞ ոչ:
Նոր իրավիճակում, մատնացույց անելով կարևոր կետերը, կառավարող ուժին առայժմ չի հաջողվում անհատի ջանք «ինստիտուտը» արդեն խրախուսման կարևոր ռեժիմում տեղավորել համակարգային մի որևէ համապատկերի մեջ՝ անհատին առավել հստակ և հասկանալի ուղերձ հղելու և ըստ այդմ ավելի արագ գործի ղմելու համար: Դա չպետք է շփոթել, այսպես ասած, որևէ նոր համակարգի «նախագիծ» կամ «էսքիզ» ներկայացնելու հետ. խոսքն այդ մասին չէ ամենևին: Բայց, բացի պարզ օրինակից, երբ տնտեսական հեղափոխության և անհատի ջանքի խրախուսման ազդակների հարցում ակնհայտ անհամաչափություն կա նույն կառավարող ուժի տարբեր սեգմենտներից եկող վարքագծային և հռետորաբանական ազդակներում, կա ահռելի կտրվածություն լոկոմոտիվից՝ վարչապետից:











































