Կիրակի օրը` Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու բակում Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման արարողությունը կատարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավն այն էր, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէր փակմանը: Այս կապակցությամբ երեկ մի քանի հարց ուղղեցինք նախարարին: Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ է փոխվել Սպորտի նախարարությունում լեգենդի հանդեպ. հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն այցելած Սերժ Սարգսյանը աշխատակիցներին հորդորել էր, որ իրենց «առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը»` հավելելով, որ նա սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա:
– Պարոն նախարար, հետաքրքիր է` ինչո՞ւ Դուք չէիք մասնակցում կիրակի օրը Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակմանը:
– Նախ` ինչի՞ համար եք էդ հարցն ուղղում: Բացմանը տեսել եք չէ՞, որ եղել եմ: Շատ նորմալ հարաբերություն ունեմ Համահայկական կոմիտեի հետ ու շատ մարդկային ու շատ բարձր, բայց պատճառ է եղել, որ չեմ եկել: Տարբեր պատճառներով, չեմ ուզում պատճառն ասել, բացարձակ որևէ մեկի հետ կապ չունեցող: Անձնական խնդիր է եղել, չեմ կարողացել ֆիզիկապես ներկա լինել: Երեկոյան էլ շախմատի բացումն էր, հազիվ հասցրել եմ էդտեղ:
– Պարզապես միջոցառումն է առանց Ձեզ անցել, դրա համար եմ հարցնում:
– Ճիշտ է, միջոցառումը սպորտային է, բայց դա համահայկական, համաշխարհային կոմիտեն է, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն է: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ սպորտի նախարարը բոլոր սպորտային միջոցառումներին ներկա լիներ, բայց ես իսկապես չեմ կարող հասցնել:
– Պարոն նախարար, հետաքրքիր է` այսօր ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ՀԱՕԿ-ի հետ:
– Եթե մի նախադասությամբ` այնքանով, որքանով:
– Ասել է թե` առողջ հարաբերություններ սպորտային այդ երկու հզոր կառույցների միջև չկան:
– Ի՞նչ է նշանակում` երկու հզոր սպորտային կառույցներ: Մի հատ կա սպորտային հզոր կառույց` էդ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, որը միավորում է սպորտային կազմակերպությունները, որովհետև միակ պետական կառույցն է: Մնացած բոլորը հասարակական կառույցներ են: Իհարկե, ոչ ենթակա. չենք կարող իրենց հրահանգել, փայտերը ձեռքներս առած նրանց դիտողություններ անել: Բայց դրանք ՀԿ-ներ են, իսկ մենք պետական կառույց ենք, իսկ պետական կառույցը պետք է բարձր դիրքերում լինի: Ես չեմ ուզում նսեմացնել ՀԱՕԿ-ը կամ որևիցե մի ֆեդերացիայի գործունեություն, բայց ձեր հարցադրումը մի քիչ ճիշտ չէր էլի, անկեղծ ասած:
– Պարոն Վարդանյան, օրերս նախարարություն այցելած Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակիցներին ու փոխնախարարներին հանդիմանեց, որ Դուք` որպես լեգենդ, լավ չեք ներկայացվում հասարակությանը: Հետաքրքիր է` ի՞նչ է փոխվել և այսօր լեգենդը ինչպե՞ս է ներկայացվում:
– Իհարկե, լեգենդ բառը նախագահն օգտագործել է, բայց դա ուղղված էր ոչ թե նախարարին, այլ փոխնախարարներին, դրա համար հարցերն ուղղեք փոխնախարարներին:
– Այնուամենայնիվ, հետաքրքիր է` ի՞նչ է փոխվել նախարարությունում:
– Բայց մի շաբաթվա մեջ ինչը պիտի փոխվեր: Ես որևէ բան չեմ նկատել: Մեր հարաբերությունները ջերմ են եղել: Դա նաև հանձնարարական էր: Նախագահի հանձնարարականը պիտի կատարվի: Երևի դրանից հետևություն կանեն, քայլեր կանեն:
– Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պիտի անեն:
– Ինչի ես իմ կարծիքը պետք է ասեմ: Հարցը ինձ չէր ուղղված:
– Այնուամենայնիվ, զգո՞ւմ եք, որ Ձեր հանդեպ փոխնախարարների կամ նախարարության աշխատակիցների վերաբերմունքը փոխվել է:
– Ես որևիցե նոր բան չեմ նկատել: Մեր հարաբերությունները նորմալ են եղել, ջերմ է եղել ամբողջ աշխատակազմի հետ: Բայց որ իրանք պետք է հետևություն անեն, ինչքան իրանք են հասկացել նախագահի բարձրաձայնածից, իրենք ինքնուրույն պիտի հետևություն անեն ու էդ ուղղությամբ աշխատանք տանեն:










































