«Քաղաքացու տոն նշելը ինքնին ես համարում եմ շատ անհրաժեշտ, բայց նշելու ձևը, բովանդակությունը, ուղերձները, նաև՝ միջոցառումները չպետք է լինեն քաղաքի կենտրոնական փողոցում. այդ պարի խմբերը կամ սպորտային խմբակները սովետական սպարտակիադայի դեժավյու էին առաջացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ հույս հայտնելով, որ այդ ամենը թերևս անփորձությունից էր:
Նա զարմանալի է համարում, որ հեղափոխության քայլերգը չհնչեց. «Միգուցե պետք էր բոլոր վայրերում տոնը սկսել հենց այդ քայլերգի հնչեցմամբ: Այսինքն՝ ի՞նչ է տոնը. դա վերադարձ է այն նախասկզբին, որտեղից ծնվել է այս ամենը: Եթե նշում ենք քաղաքացիականության երևույթը, պետք է վերադառնանք քաղաքացիականության տոնի նախասկիզբ և սկսենք հրապարակայնացնել այդ նշանները, որոնք նաև պետք է համապատասխան ուղերձներ հղեն, և այդ տոնակատարությունը մարդկանց մեջ նաև թարմացնի քաղաքացիականության էլեմենտը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօրվա կառավարությանը և Ազգային ժողովի մեծամասնությանը պակասում է մի կարևոր էլեմենտ՝ ներառականությունը. «Այդ ներփակվածությունը, ներխմբակայնությունը՝ վստահության դեֆիցիտից բխող, եթե սկզբնական շրջանում ընկալելի էր, ապա կառավարման պրոցեսում և ԱԺ օրենսդրական գործունեության պրոցեսում այլևս ընկալելի չէ: Այսինքն՝ հասարակությունը միայն իմքայլականների և քայլած մարդկանց նեղ շրջապատը չէ, ընկերները չեն, հեղափոխության ժամանակ փողոցում ինչ-որ գործողություններ ծավալած մարդիկ չեն, այլ Հայաստանը շատ ավելի ընդարձակ մարդկային ռեսուրսներ ունի, ընդ որում՝ պրոֆեսիոնալ, որոնք իշխանության եկած մարդկանց կոմպետենտության բացը (իսկ իրենք ակնհայտորեն ունեն կոմպետենտության բաց) կլրացնեն»:
Աղասի Թադևոսյանը, իհարկե, հակահեղափոխականներ է համարում նախկին իշխանություններին, այն մարդկանց, ովքեր հեղափոխության հետևանքով կորցրին իրենց անօրինական և արտոնյալ եղանակով հարստություն կուտակելու և իշխանությունը վերարտադրելու հնարավորությունը. «Եվ այժմ փողը կուտակված է այդ մարդկանց ձեռքում, իսկ իշխանությունը՝ փող չունեցող մարդկանց ձեռքում, և սա լուրջ պրոբլեմ է. այդ գողացած կապիտալն այսօր աշխատում է փոփոխությունների դեմ՝ հանձին ԶԼՄ-ների մեծամասնության, որոնք, գաղտնիք չէ, ֆինանսավորվում են կա՛մ քոչարյանական, կա՛մ միշիկական աղբյուրներից: Այն դիսկուրսը, որ հակահեղափոխականները հենց հեղափոխության ներսից են, հենց այդ բևեռների ստեղծած դիսկուրսն է՝ ԶԼՄ-ների միջոցով, և դա շատ վտանգավոր դիսկուրս է: Դա հասարակությանը շփոթության մատնող, մանիպուլացնող դիսկուրս է, և դրա դեմ պետք է ամեն ձևով պայքարել»:










































