Անդրադառնալով դպրոցական դասագրքերի թարգմանության որակի ու բովանդակության խնդիրներին՝ ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանը ասաց.
«Մենք խնդիր ունենք մեր մասնագետներին պահելու այս երկրում։ Մեզ մոտ մաթեմատիկայի պարագայում ընտրում են մի քանի ուժեղ երեխաների, նրանց համար կազմակերպում ուսուցումը, մնացածը մնում են տեսադաշտից դուրս։ Այսինքն՝ յուրաքանչյուր աշակերտի համար հատկացվող գումարը բաշխվում է հենց այն երեխաներին, որոնք ունեն մաթեմատիկական ունակություններ։ Այս երեխաները, ավարտելով դպրոցը, իրենց համար դրսում լավ աշխատանք են ճարում, մեզ մնում է մնացածը։ Այսնիքն՝ մաթեմատիկական կրթությունը չի անդրադառնում մեր քաղաքացու վրա։ Սա կարևորագույն խնդիր է»։
Խոսելով թարգմանությունների մասին՝ Հ.Միքայելյանը նշեց, որ մաթեմատիկան հանրակրթական առարկա է, քանի որ ասելիք ունի ոչ միայն մաթեմատիկական ունակություններ ունեցող աշակերտներին, այլև՝ բոլորին. «Մեր չափորոշիչները և ծրագրերը այնպես են կազմված, որ յուրաքանչյուր աշակերտի համար մաթեմատիկան ասելիք ունենա։ Եթե դասագիրք ենք թարգմանում, պիտի իմանանք, թե ում դասագիրքն ենք թարգմանում։ Ռուսական դասագիրքը, որը մենք թարգմանում ենք, հարուստ ռեսուրսներով հարուստ երկրի դասագիրք է, և խնդիր է առաջանում, արդյոք մենք այդ դասագրքով կարո՞ղ ենք մեր խնդիրները լուծել»,- ապա նաև հավելեց. «Տարբերություն կա մաթեմատիկա գիտության և մաթեմատիկա ուսումնական առարկայի միջև։ Եթե մաթեմատիկա ուսումնական առարկան վերածվում է վարժությունների լուծման, աշակերտների մեծ մասը անկարող և անտարբեր կլինի դրա նկատմամբ։ Թարգմանելիս պետք է ընտրել այն երկրի դասագիրքը, որը այնպիսի խնդիրներ ունի, ինչպիսիք մենք ունենք։ Մեզ մոտ վերցվում է ռուսական դասագիրքը և մեխանիկական թարգմանություն է կատարվում»։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանը, խոսելով Հայաստանի կրթական համակարգից, իր խոսքում ասաց. «Հայաստանը անկախ պետություն է և պիտի ունենա իր կրթական համակարգը։ Անկախ պետություն է 20 տարի, և շատերի հայացքը դեռ խորհրդային շրջանում է, շատերը սովոր են խորհրդային շրջանի դասագրքերին, մեր կրթության ոլորտում էլ շատ ազդեցիկ մարդիկ մտածում են, թե հայ հեղինակները չեն կարող դասագրքեր ստեղծել հայկական դպրոցի համար։ Սակայն շատ հստակ է՝ անկախ պետությունը, իր մշակույթով, պատմությամբ, հոգեկերտվածքի առանձնահատկությունով տարբերվող ժողովուրդը պիտի ունենա իրեն բնորոշ դասագրքերը, որոնք պիտի խոսեն այդ դասագրքով սովորող երեխաների սրտի և մտքի հետ։ Մեզանում նկատելի է, որ վերադարձ է կատարվում խորհրդային շրջանի դասագրքերին և օտար այլ երկրների դասագրքեր են ներմուծվում Հայաստան տարեցտարի։ Ընդառաջ են գնում ավանդապաշտ, նորը չընդունող, ազգայինը մեժող մարդկանց ցանկություններին։ Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան նաև մեր կրթական ոլորտի ղեկավարների մեջ։ Հայոց լեզվի դասագրքերի հարցում մենք ենք տերը, իսկ այս տարի մեր Կրթության նախարարությունը նախիրի մեջ պաչեց էշի ճակատը։ 7-9 դասարանի մի դասագիրք ընտրվեց, որը խորհրդային շրջանի դասագիրք է և դրա վրա մի նոր շոր է ձևել Փ. Մեյթիխանյանը։ Անասելի անորակ դասագիրք, բայց կրթության նախարարը հայտարարում է, թե ընտրվել է լավագույնը։ Սա առնվազն ծիծաղելի է»։
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ «գորտակնյունազգիներ», «այծատերևազգիներ» և այսօրինակ մի շարք բառերը, որոնք առկա են 7-րդ դասագրքերում, բարդեցնում են իրավիճակը, նպաստում հայերենից զզվեցնելուն. «Լավ է Բարսեղյանից արտագրված հատվածը միայն, մնացածը կրթություն չէ, այլ միտվածություն ընդունելության քննություններին։ Այս ամենը վկայությունն է սեփական կրթական համակարգի նկատմամբ հոգածության պակասի, անվստահության սեփական ուժերի նկատմամբ, և ամենակարևորը՝ անձնական դրդապատճառների»։ Դ.Գյուրջինյանը նաև հավելեց, որ խնդիրը համերկրային է, ազգային, հեղինակը կարևոր չէ. «Կարևորը՝ լավ գիրք լինի»։









































