Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։ Ինչպես գիտեք, վարչապետ Փաշինյանը երեկ երեկոյան կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ հավանաբար ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների առանձանահատուկ, ռազմավարական բնույթը։ Այդուհանդերձ, հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս նկատվում է ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հայկ Խալաթյանը, քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը և Նարեկ Մինասյանը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները, թե ԵԱՏՄ անդամակցությունը ինչ է տալիս և այդ կառույցի նախագահությունը ստանձնելն ինչ կտա Հայաստանին:
«Պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն, որպես ինտեգրացիոն կառույց, շարունակում է խնդիր մնալ այն առումով, որ այդ կառույցում բազմակողմ ինտեգրացիա տեղի չի ունենում,- նշեց Ս. Սաֆարյանը:- Չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ն մեզ որևէ բան տալիս է՝ մեզ խոստացված 170 միլիոնանոց շուկայի մուտքի և այլ առումներով: ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է՝ իր անվանմամբ, սակայն Ռուսաստանի աշխարհաքաղաքական – տնտեսական շահերի սպասարկմանն է միտված: Եթե մենք դաշնակիցներ ենք և հարգում ենք ՌԴ աշխարհաքաղաքական հավակնությունները, ապա այդ դեպքում հարց է ծագում՝ ինչքա՞ն ենք մենք ստանում դրա դիմաց՝ որպես մեր շահերի բավարարում: Պատահական չէր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է անվտանգության նկատառումներով»:
Չհամաձայնելով Ս. Սաֆարյանի դիտարկումներին՝ Հ. Խալաթյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը արդեն տվել է իր արդյունքները. «Արտահանումը հիմնականում դեպի Ռուսաստան է, բայց այն աճել է 21 տոկոսով, ներմուծումը՝ 8 տոկոսով: Թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը մեզ համար կարևոր են, որովհետև դրանք Ռուսաստանի հետ համագործակցության ձևաչափ են: Տնտեսական տեսանկյունից նույնպես մեզ համար այս պահին շատ ավելի ձեռնտու է լինել ԵԱՏՄ անդամ, քան Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ»:
Ն. Մինասյանը, դիսկուրսը տանելով այլ ուղղությամբ, անդրադարձավ հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք բավարար ջանքեր են գործադրվում, որպեսզի առկա իրողություններն առավելագույնս արդյունավետ օգտագործվեն՝ ի շահ ՀՀ-ի: Նրա դիտարկմամբ՝ առկա են հնարավորություններ, բայց դրանք լիարժեքորեն իրացված չեն, կան նաև խոչընդոտներ: «Ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը՝ Հայաստանն իր առաջնահերթությունների մեջ սահմանել էր առկա արգելքների հաղթահարումը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձում է առաջ տանել կառույցի արդյունավետության բարձրացման հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































