Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել՝ չնայած պատժամիջոցներին, և ԱՄՆ-ը գիտի այդ մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է Nehr գործակալությունը, Ռուհանին նշել է, որ Վաշինգտոնը «սխալ որոշում» է ընդունել՝ վճռելով զրոյի հասցնել իրանական նավթի արատահանումը: «Նրանք կտեսնեն, որ առաջիկա ամիսներին մենք կշարունակենք նավթի մեր արտահանումը»,- գործակալությունը մեջբերել է Իրանի նախագահի խոսքը: Ռուհանին ասել է, որ ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել երկրի արժութային եկամուտները, և հավելել է, որ աստծո օգնությամբ Իրանը «ծնկի կբերի Ամերիկային»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի և նավթամթերքների մատակարարումների վրա: Հրամանագրում Միացյալ Նահանգների ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, և հնարավոր կլինի առանց վնասների դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն այդ բնագավառում:







































