Թուրքական Cumhuriyet թերթը, վկայակոչելով իսրայելական Ynet լրատվական կայքը, հայտնում է, որ Թուրքիան և Իսրայելը նոր պայմանավորվածության են հանգել։
Ըստ դրա՝ Թուրքիան նախորդ տարի գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ հրաժարվելու է Իսրայելին ներկայացրած՝ ներողություն խնդրելու մասին իր պահանջից։
Փոխարենը, Իսրայելն այդ միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից պատրաստած զեկույցից հանելու է Թուրքիային անհանգստացնող հատվածները։ Այդ զեկույցում նշված է, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ մեղավորության ավելի մեծ մասնաբաժին ունի թուրքական կողմը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը՝ մարդասիրական օգնություն» կարգախոսով վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմիղի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա:
Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին Թուրքիայի 9 պաղեստինամետ քաղաքացիներ: Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:
Դրանից հետո Թուրքիան Իսրայելից շարունակ պահանջում էր ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։











































