Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է TASS-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին՝ ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Եվ մենք համարում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արևելքում»: Նախարարը հիշեցրել է, որ այդ սկզբունքն է դրված նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:












































