ԵՄ-ն մոտ ժամանակներս արտակարգ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն: «Գագաթնաժողովը կգումարվի շատ շուտով»,- ընդգծել է նա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունում ընդգծվում է, որ ամենափոքր բանը, որը ԵՄ-ն պետք է անի Ուկրաինայի համար, նրա տարածքային ամբողջականությանն ու տնտեսական եվրոպական ինտեգրմանն աջակցելն է: Բառոզուն իր հայտարարությունում չի հիշատակել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հնարավորությունը ո´չ կարճաժակետ, ո´չ էլ երկարաժամկետ հեռանկարում:
Իր հերթին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ավարտում է ԱՄՀ-ի հետ սերտ փոխգործակցությամբ Ուկրաինայի համար ֆինանսական օգնության ծրագրի նախապատրաստումը, որը կավարտվի մոտ օրերս: Նա չի հստակեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հասկացրել էին, որ ԵՄ հիմնադրամներից Կիևը կարող է ակնկալել 600 մլն-ից 1.2 մլրդ եվրո ստանալ, իսկ ինչ վերաբերում է ԱՄՀ-ի օգնությանը, ապա դրա ստացման համար Ուկրաինան պետք է կատարի տնտեսության վերակառուցմանն ուղղված հիմնադրամի պահանջների ողջ փաթեթը:







































