ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրինագծով փոխհատուցում կստանա 63 անձ, ովքեր ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Օրինագծի համահեղինակ Լենա Նազարյանը ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ փոխհատուցման հիմքը լինելու է նրանց կողմից ներկայացվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Այսինքն՝ եթե անձը, ով մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ վնասվածք է ստացել և բժշկական այլ փաստաթղթերով հիմնավորում է, որ այդ իրադարձությունների ժամանակ տուժած է, նա դուրս է մնալու փոխհատուցման ենթակա անձանց շրջանակից։
Լենա Նազարյանը պատգամավորներին ներկայացրել էր ՀՔԾ-ից ստացած ցուցակը, որում ներգրավված անձինք մարտի 1-2-ին ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Այդ ցուցակում ներգրավված են, ինչպես նշեցինք, 63 անձինք, որոնցից 13-ը քաղաքացիներ են, 20-ը՝ ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 29 ժամկետային զինծառայողներ։
Ուշագրավ է, սակայն, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները կատեգորիկ դեմ են, որ ոստիկանները փոխհատուցում ստանան, քանի որ նրանց խոսքով՝ նախորդ իշխանության ժամանակ բոլոր ոստիկանները շատ լավ փոխհատուցում են ստացել:
«Մենք բոլորս էլ կարծում ենք, որ ոստիկաններին փոխհատուցում տալն ավելորդ է, որովհետև նրանք արդեն նախորդ իշխանության ժամանակ ստացել են ամեն ինչ։ Մենք համաձայն չենք, որ նրանք կրկնակի՝ մի բան էլ էս իշխանության ժամանակ ստանան փոխհատուցում։ Ես կատեգորիկ դեմ եմ»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ հավելելով. «Մարտի 1-ին զոհված կապիտան Համլետ Թադևոսյանի ընտանիքը ահռելի գումարներ է ստացել։ Նրա կինը բնակարան է ստացել, հսկայական գումարներ են ստացել, Համլետ Թադևոսյանի գերեզմանն են սարքել, նրանց երկու երեխաներն առ այսօր բարձր թոշակ են ստանում, նրա ծնողները բարձր թոշակ են ստանում, կանխիկ շատ-շատ գումար են ստացել նախկին իշխանությունների ժամանակ, 100 հազար դոլարից ավելի իրենք արդեն գումար են ստացել, իսկ մենք զրո դրամ չենք ստացել։ Կրկնում եմ՝ մենք՝ ծնողներս, կատեգորիկ դեմ ենք, որ ոստիկանները նորից հիմա էլ աջակցություն ստանան»։ Քլոյանը նշեց, որ մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատներն են իր հետ համակարծիք։
Ինչ վերաբերում է փոխհատուցման ձևին և չափին, ապա Քլոյանն ասաց, որ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին։ Կառավարությունը ինչպես որոշի, ինչքան որոշի, թող այդքան էլ լինի, քանի որ գումարն իրենց համար սկզբունքային չէ։ «Մեզ համար ամենակարևորն այն է, որ սպանությունների գործում տեղաշարժ կա, մեղավորները պատժվում են, Մարտի 1-ի զոհերի հուշարձան է կառուցվում, և մեր թոռնիկները հետո կիմանան, թե իրենց հայրերը ինչի համար են զոհվել։ Դա մեզ համար կլինի սրբավայր, իսկ թե ֆինանսական աջակցությունը ինչքան կլինի, դա արդեն երկրորդական է։ Ինչ էլ տան, դա մեզ համար բավարար է, շնորհակալ կլինենք։ Մենք չենք կարող իշխանություններին ստիպել, որ մեզ միլիոններ տան»,- նկատեց Քլոյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իր համար փոխհատուցումից առավել կարևոր է, օրինակ, օրերս ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռը Տեր-Պետրոսյանի գանգատի հիման վրա: «Շուտով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը կսկսվեն, և մեր դատավորներն առանց աչքերը թարթելու և առանց երկմտելու ճիշտ դատավարություն կանեն, քանի որ Եվրադատարանն արդեն որոշել է, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում խաղաղ ցույց է եղել։ Մենք հրապարակում սպասում էինք Սահմանադրական դատարանի որոշմանը, իսկ իրենք մի գիշեր էլ չհամբերեցին և հարձակվեցին ժողովրդի վրա։ Այս վճիռը ՄԻԵԴ-ի կողմից շատ ճիշտ էր ու շատ սպասված»,- եզրափակեց Քլոյանը։
Հիշեցնենք, որ վերջերս էլ Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, նույնպես այս փոխհատուցման հետ կապված դժգոհություններով պայմանավորված բողոքի ակցիա էր իրականացրել Լոռու մարզպետարանի դիմաց՝ նշելով, որ այլևս չի կարող սպասել Մարտի 1-ի զոհերին տրվող փոխհատուցմանը։ Նա սպառնացել էր ինքնահրկիզվել, սակայն Լոռու մարզպետի և ոստիկանապետի հետ զրույցից հետո հանդարտվել էր։









































