Սկսեց համակարգիչներից, շարունակեց սմարթֆոններով ու պլանշետներով, և ահա հասավ ավտոմեքենաներին: Այս շաբաթ պաշտոնապես կներկայացվեն մեքենաներ բորտային համակարգերով, որոնք աշխատում են Apple-ի ծրագրային հարթակով: Առաջին ապրանքանիշերը, որոնք իրականացրել են «iOS-ն ավտոմոբիլում» նախագիծը, դարձել են Ferrari-ն, Mercedes-ն ու Volvo-ն:
Նախագծի մասին ամերիկյան կորպորացիան հայտարարել էր անցած տարի: Մեքենայի հետ ինտեգրացիան թույլ կտա վարորդներին ձայնային հրամաններ տալ Siri օգնականին, SMS հաղորդագրություններ լսել և ուղարկել, օգտվել քարտեզներից և այլ հանձնարարություններ կատարել՝ ձեռքը չհեռացնելով ղեկից:
Սպասվում է, որ ավտոմոբիլային ռեժիմը կհայտնվի iOS 7.1 տարբերակում, որն անցած տարվա նոյեմբերից գտնվում է բետա թեստավորման փուլում:
Ինչպես գրում է The Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, առաջին iOS-ավտոմեքենաները կներկայացվեն այս շաբաթ ժնևյան ավտոսրահում: iOS-ի հանդեպ հետաքրքրություն են սկսել դրսևորել նաև Acura-ն, Chevy-ն, Honda-ն, Hyundai, Infiniti-ն, Jaguar-ը, Kia-ն, Nissan-ը և Opel-ը:








































