Մեծ Բրիտանիայի բնակչուհին անսպասելիորեն ծննդաբերել է այլ ռասայի պատկանող երեխայի՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։
Ամուսնական զույգը, որ ցանկացել է անանուն մնալ, առաջին անգամ դիմել է Կոնեկտիկուտի պտղաբերության բուժման ամերիկյան կենտրոն 2015թ. հունվարին: Այդ ժամանակ ամուսինները սառեցրել են սաղմերը`դոնորի ձվաբջիջները, որոնք պտղավորված են եղել ամուսնու սերմնահեղուկով, ապագայում դրանք օգտագործելու համար: 2016 թ. ապրիլին կինը լույս աշխարհ է բերել առաջին որդուն արտաքին բեղմնավորման շնորհիվ։
2017թ․ դեկտեմբերին ընտանիքը որոշել է երկրորդ երեխային ունենալ՝ օգտագործելով բժշկական կենտրոնում պահվող սաղմը։ 2018թ․ օգոստոսին կինը նորից ծննդաբերել է։ Սակայն, մոր խոսքով՝ նորածնի մաշկը շատ ավելի թուխ է եղել, քան նրա հոր, մեծ եղբոր և դոնորի մաշկն է։ ԴՆԹ թեստը հաստատել է, որ իր ամուսինը այդ երեխայի կենսաբանական հայրը չէ։
Անցյալ տարվա նոյեմբերին ամուսինները դատի են տվել կլինիկային: «Չնայած այն բանին, որ նրանք սիրում են երկրորդ որդուն և հոգ են տանում նրան, նա նրանց կենսաբանական երեխան չէ։ Ամեն օր նրանք մտածում են, թե ով է այդ երեխայի հայրը»,- ասվում է գործում։








































