168.am-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:
– Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում Մայդան լինել չի կարող, թվարկեց չորս պատճառ, թե ինչու ՀՀ–ում ուկրաինական սցենարն իրականություն չի դառնա: Ինչո՞վ է պայմանավորված Տ. Սարգսյանի այսչափ վստահությունը:
– Եթե ուսումնասիրեք վերջին տասնամյակում աշխարհում տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները, բռնապետների աքսորումը, ապա կտեսնեք, որ մեկ շաբաթ առաջ, անգամ մեկ-երկու օր առաջ այդ բռնապետները, իրենց սպասարկող ուժերը հայտարարում են, թե մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ նման զարգացումներ հնարավոր չեն:
Սա ընդունված նորմ է, ուստի ես խորհուրդ կտայի, որ Տիգրան Սարգսյանն ավելի շատ մտածեր հասարակության առօրյայի մասին, փորձեր քայլեր ձեռնարկել` արտագաղթը կասեցնելու համար, աղքատության շեմը բարձրացներ, աշխատատեղեր ստեղծեր, և ոչ թե` քաղաքական գնահատականներ տար, նաև ավելի հետևողական լիներ արտաքին, ներքին քաղաքական գործելաոճում, որ մարդիկ տեղյակ լինեին` ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ ուղղություն է բռնել, ոչ թե ամիսը մեկ` Մաքսային միությունից` Եվրամիություն, Եվրամիությունից` Մաքսային միություն, հետո` Շանհայյան կազմակերպություն, և այլն:
Խորհուրդ կտայի, որ կողմնորոշվի, հստակ քաղաքական գիծ ներկայացնի, իսկ հասարակությունն ինքը կորոշի` երբ ազատվի Տիգրան Սարգսյանից, Տիգրան Սարգսյանի տերերից. դա այնպիսի բան է, որ իշխանությունները չեն որոշում, մարդիկ են որոշում, ինչպես որոշեց ուկրաինական ժողովուրդը:
– Սակայն Տիգրան Սարգսյանը հակառակի մասին է պնդում. ասում է, որ գոնե արտաքին քաղաքականության հարցում հասարակությունն իրենց է վստահում: Այդպե՞ս է:
– Հասարակութունը ո՞նց կարող է վստահել որևէ իշխանության, որն ամիսը մեկ շրջադարձներ է կատարում իր արտաքին քաղաքական կուրսում. այսինքն` անկանխատեսելիին վստահել հնարավոր չէ: Ինքը հավանաբար ենթադրում է, որ հայ ժողովրդի մոտ ենթագիտակցորեն դեպի ՌԴ-ի հետ բարիդրացիական, ՌԴ-ի հետ հավերժ բարեկամության հիշողություններ կան, որոնց առումով գուցե նա իրավացի է: Բայց հենց Ուկրաինայի ժողովուրդը, որն իրեն համարում էր ռուս ժողովրդի մի մաս, նույն էթնոսի ներկայացուցիչ, բայց, այնուամենայնիվ, երբ դանակը հասավ ոսկորին, էթնիկ պատկանելությունը որոշիչ չդարձավ, նրանք ուզում էին լավ ապրել, իսկ լավ ապրելու ճանապարհները տարբերվում են Ռուսաստանի հետ խաչվելու ճանապարհից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ում










































