Ուկրաինայի 3 նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց կարծիքն են հայտնել իրավիճակի մասին՝ կապված ռուսական զորքերի՝ Ղրիմ մտնելու հետ: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Նորագույն պատմության մեջ առաջին անգամ ուկրաինացի ժողովուրդը բախվել է ճգնաժամի, որը սպառնում է մեր երկրի միասնականությանը, ինքնիշխանությանն ու պետականությանը, և որը կարող է վերածվել ազգային աղետի՝ սպառնալով Ուկրաինայի կործանմամբ: Ժամանակի հաշվարկն ընթանում է ժամերով: Ուկրաինան, որը հազիվ է դուրս գալիս քաղաքական ճգնաժամից, այժմ հակամարտության բորբոքման շեմին է, որն ունի ռազմական ագրեսիայի բոլոր նախանշանները»,-ասվում է հայտարարության մեջ:
Նրանք կարծում են, որ «Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդներին արհեստականորեն մղում են եղբայրասպան պատերազմի»: Նշվում է նաև, որ Ռուսաստանը, «օգտվելով Ուկրաինայի ներքաղաքական դժվարությունից, որոշել է խաղարկել, այսպես կոչված, ղրիմյան քարտեզը իր շահերի շրջանակներում՝ անտեսելով Ուկրաինայի առջև իր պարտականությունները»:
Նախկին նախագահները կոչ են արել հաշվի առնել ամբողջ ուկրաինական ժողովրդի կամքը, ոչ թե նրա մի մասի, ինչպես նաև թույլ տալ ժողովրդին ինքնուրույն լուծել իր խնդիրները: «Եվ մի փորձեք մեզ օգնել ռազմական միջամտությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
«Մենք դիմում ենք Ուկրաինայի Գերագույն ռադային անհապաղ նիստ գումարելու կոչով: Հայտարարել մոբիլիզացիա և պատրաստ լինել պաշտպանել մեր հողը: Գերագույն ռադան պետք է չեղյալ հայտարարի Խարկովյան համաձայնագիրը: Ուկրաինայի իշխանությունը պետք է անհապաղ որոշում ձեռք բերի` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:
Ղրիմն Ուկրաինայի տարածք է, և դա աքսիոմա է ուկրաինացի ցանկացած քաղաքացու, ցանկացած քաղաքական գործչի համար: Այդ թեմայի շուրջ կեղծիքները, Ուկրաինայի տարածքի նկատմամբ ոտնձգություններն անթույլատրելի են»,- կարծում են նախագահները:










































