Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն 2019-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Մամուլին դիմումը փոխանցել է Յանուկովիչի մամլո քարտուղար Յուրի Կիրասիրը, հաղորդում է «Ուկրաինայի ԿՊ»-ն:
«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ: Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուկրաինացիները ձեզ այս պաշտոնը վստահել են պատմության մեջ մեր երկրի համար ամենածանր պահին: Խաղաղասեր ուկրաինացի ժողովուրդը, ինչպես երբեք, պառակտված և ռադիկալացված է: Իմ հայրենի Դոնբասում եղբայրասպան պատերազմն ամեն օր ուկրաինացիների կյանքեր է խլում և ոչնչացնում երբեմնի ծաղկող տարածաշրջանը»,- գրել է երկրի նախկին ղեկավարը:
Յանուկովիչն իր նամակում Պետրո Պորոշենկոյին մեղադրում է Ուկրաինայի ժողովրդի տառապանքների համար, որի ապրիլի 21-ի ընտրությունն «իմաստուն» է անվանում:
«Այժմ դուք բարդ խնդիրների առաջ եք կանգնած՝ խաղաղություն հաստատել մեր երկրում, միավորել ու հաշտեցնել Ուկրաինայի ժողովրդին: Վերականգնել օրինականությունն ու արդարությունը, բարելավել ուկրաինացիների բարեկեցությունը … Ցանկանում եմ խոնարհվել Ուկրաինայի իմաստուն ժողովրդի առաջ, որը թույլ չտվեց խաբել իրեն, տեղի չտվեց սադրանքների և ստի առաջ և գիտակցված ընտրություն կատարեց: Չհիասթափեցնեք նրանց»,- ասվում է Յանուկովիչի նամակում:
Ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը: Համաշխարհային առաջնորդները սկսեցին շնորհավորել Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ:











































