ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում անդրադարձել է Խոջալուի և Սումգայիթի դեպքերին: «Խոջալուի ողբերգության օրը մենք պետք է հիշենք, որ բռնությունը պատասխան չէ։ Կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման համար: Մենք նաև հիշում ենք Սումգայիթը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է խրախուսեն «Մարդիկ՝ մարդկանց» ծրագրերը՝ վստահություն և հանդուրժողականություն ձևավորելու համար»,- գրել էր նա: Ի դեպ, դեսպանի այս թվիթին պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հստակեցնելով, որ Սումգայիթի և Խոջալուի բնակիչների սպանությունների հեղինակները նույն մարդիկ են, և նրանք դեռ ազատության մեջ են Բաքվում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂ ԱԳ նախկին նախարար, վերլուծաբան Արման Մելիքյանն ասաց, որ չի հոգնի կրկնելուց, որ ՄԽ համանախագահները համաձայնեցված կերպով վարում են հակամարտության ծագման ու զարգացման հարցում հայերի և ադրբեջանցիների հավասարապես մեղավոր լինելու վերաբերյալ հիմնազուրկ քարոզչություն: Նրա պնդմամբ՝ այդ քարոզչությունը վարելու անհրաժեշտությունը բխում է նաև նրանց կողմից բանակցային գործընթացի օրակարգի հիմքը դարձված՝ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված շիլափլավի տրամաբանությունից, այդ օրակարգի առանցքը կազմում է հակամարտության խեղված ժամանակագրությունը. դրա շնորհիվ է, որ ամերիկացի դեսպանը կարող է ակնարկել, թե իբր Խոջալուն հայերի պատասխանն էր Սումգայիթի ցեղասպանությանը:
«Սա սովորական քաղաքական-դիվանագիտական աճպարարություն է, քանի որ հայտնի է, որ սումգայիթյան մսաղացը տեղի ունեցավ միանգամայն խաղաղ պայմաններում գտնվող մի քաղաքում, ուր տեղի ադրբեջանցիներն ազգային ատելության հողի վրա անարգեցին ու սպանեցին իրենց հայ համաքաղաքացիներին, մինչդեռ Խոջալուի բնակիչների մահը եղել է Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողությունների ընդհանուր համատեքստում, և բազմաթիվ վկայություններ կան, որ այդ մարդկանց սպանվելը Ադրբեջանում ծավալվող ներքաղաքական հակամարտությունների ու խարդավանքների հետևանք է: Այսօրինակ դիվանագիտական նենգափոխումներն այն բանի արդյունքն են, որ հայկական կողմերն իրենց անթույլատրելի շռայլություն են արտոնել՝ զլացել են ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգ մտցնելու պահանջ ներկայացնել: Այդ դեպքում ժամանակագրական խեղաթյուրումները կբացառվեին, ու անհնար կլիներ նաև այս կարգի «փոքրիկ» նենգությունների կիրառումը»,- նման տեսակետ հայտնեց Արման Մելիքյանը: Նա նաև նկատեց, որ համանախագահների առաջարկած մոտեցումը նախատեսում է քաղաքական, այլ ոչ թե իրավական կարգավորում, ինչը, իր հերթին, պարտադրում է կողմերի հավասար մեղավորության ճանաչում:
Հիշեցնենք, որ 1992թ. փետրվարի 25-26-ը Լեռնային Ղարաբաղի Խոջալու գյուղի ողբերգությունից հետո հայկական կողմը և խոջալուցիները բազմիցս են պնդել, որ ի պատասխան ադրբեջանական կողմի՝ գրոհը սկսելուց մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով բնակչությանը նախազգուշացրել են ծրագրվող գործողության մասին և խաղաղ բնակչությանն առաջարկել հեռանալ ավանից՝ դուրս գալով շրջափակումից մարդասիրական միջանցքով՝ Կարկար գետի երկայնքով: Տեղի բնակչությունն օգտագործել է այդ միջանցքը, իսկ հայ զինվորները միջանցքից այն կողմ կրակ չեն բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, սակայն խոջալուցիների դիակներ էին հայտնաբերվել Աղդամից ոչ հեռու, որն ադրբեջանական կողմը վերագրում է հայ զինվորականներին, թեև ժամանակի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը Խոջալուի ողբերգությունից որոշ ժամանակ անց անդրադարձել էր դեպքերին՝ ասելով, որ այդ ամենը կազմակերպված էր իր հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Այնինչ հենց այս դեպքերի նենգափոխման միջոցով ադրբեջանական կողմը փորձում է հավասարեցնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործությունների մեղավորությունը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի










































