«Եկեք չերազենք Հայաստանում Մայդանի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` խոսելով ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումների ու գործընթացների շուրջ, այդ թվում՝ Հայաստանում Մայդան կայացնելու:
Նա նշեց, որ ուկրաինական Մայդանը պայքար էր ընդդիմության իշխանության, օլիգարխների, աշխարհաքաղաքական ուժերի, ներքին բաժանված խմբերի միջև, որը հանգեցրեց նաև արյունահեղության: «Արդյո՞ք ունենք ռեսուրս, որ արյուն թափելով՝ Հայաստանում հարց լուծենք: Չերազենք Մայդան լինելու մասին, հասկանանք` ինչ մեխանիզմ առաջարկենք, որ լինի բանակցությունների սեղան: Եթե ունենք այդ ռեսուրսը, ինչո՞ւ արյունահեղության ճանապարհով գնալ»,- նման տեսակետ հայտնեց Թևան Պողոսյանը:
Գնահատելով ԱԺ անցնող քառօրյան` նա ասաց, որ ընդդիմությանը այս անգամ հաջողվեց ԱԺ իր օրակարգն առաջ բերել: Պատգամավորն այս հանգամանքը դրական համարեց` ցավով նշելով, որ ընդդիմությանը դեռևս չի հաջողվել ընդդիմության նախաձեռնություններն իրականություն դարձնել, սակայն այս առումով ինքը լիահույս է: «Քայլ առ քայլ դա էլ հնարավոր է անել»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպիսի՞ն է երկրում ընդդիմության վիճակը` պատասխանեց, որ ընդդիմության վիճակն այնպես է, ինչպես պետության վիճակը: Ըստ նրա` Հայաստանում ցանկացած ոլորտ խնդիր կայանալու ունի: Նա դրական համարեց, որ երկրում կա բաց մամուլ, որտեղ բոլորն ազատ են խնդիրները բարձրաձայնելու հարցում: Սակայն, ըստ նրա, այս փաստի ազդեցությունը փոքր է, քանի որ վերջնական լուծումները կախված են մեծամասնության ցանկությունից և քմահաճույքից:
«Կուտակայինի հարցում դեկտեմբերի սկզբից խնդրում ենք առնվազն մեկ ամսով դադարեցնել օրենքը և այդ ողջ ընթացքում քնննարկումներ անցկացնենք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն փորձենք բացատրել մարդկանց բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչ կտա այդ բարեփոխումը: Կուտակային մեխանիզմները աշխարհում փորձված են, իրենց մեջ պարտադիր երևույթը կրում են նաև մշակույթ ձևավորելու համար, բայց որպեսզի ես հավատամ` պետք է բոլոր մեխանիզմները հասկանալի լինեն, և ես ամբողջ խնդիրը պատկերացնեմ, որ երբեք չի արվել: Մարդիկ այլընտրանքային բոլոր մեխանիզմները պետք է հասկանան»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը, չնայած լրագրողների խնդրանքին, չանդրադարձավ իր մանդատից հրաժարվելուն և այն հետ վերցնելուն, նշեց, որ քաղաքական խնդիր չի եղել, այլ անձնական, որի փակագծերը չբացեց:








































