«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով փետրվարի 26-ին՝ ժամը 5-ին, կատարված ադրբեջանցի հակերների կիբեռհարձակման մասին, ասաց, որ հարձակվողները, օգտագործել են Արմենիան Դեյտաքոմ Քամպընի (Էյ-Դի-Սի) ընկերության կողմից տնօրինվող պաշտոնական մուտքաբառը և գաղտնաբառը, մուտք գործել AMNIC տվյալների շտեմարանի այն հատվածը, որը կառավարվում է Էյ-Դի-Սի ընկերության կողմից. «Կիբեռհանցագործները փոփոխել են Էյ-Դի-Սի ընկերության կողմից գրանցված 238 դոմենային անվանումների գրառումները (NS records): Ավելին՝ կիբեռհանցագործները հափշտակել են վերը նշված ընկերության կառավարումն ապահովող դոմենային անունը՝ ns1.adc.am, և տեղադրել այն Ադրբեջանում գտնվող համակարգչի վրա։ Սա իր հերթին ավելացրել է վնասակար ազդեցության ենթարկված դոմենային անվանումների քանակը»։
Գ.Սաղյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ AMNIC-ի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ այսօր՝ ժամը 10:30-ին, իրավիճակը լիովին կարգավորվել է, Էյ-Դի-Սի ընկերության գաղտնաբառը և մուտքաբառը ապաակտիվացված են՝ բացառելով որևէ մուտքի հնարավորություն դեպի .am տվյալների շտեմարան։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր երեկոյան վերջնականապես կլուծվեն բոլոր խնդիրները, քանի որ ինտերնետում աշխատող որոշ սերվերներում ժամանակավոր հիշողության մեջ պահպանվում է հին տեղեկատվություն, մի շարք օգտվողների մոտ դեռևս արտապատկերվում է կիբեռհանցագործների դրած տեղեկատվությունը:










































