YouTube-ում հայտնվել է տեսագրություն, որն արվել է ԱՄՆ Գերագույն դատարանում՝ նիստի ժամանակ, որտեղ արգելված է լուսա և տեսանկարահանումը: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշենք, որ վերոնշյալ դեպքը առաջինն է ԱՄՆ պատմության մեջ:
Տեսագրությունում տեղ է գտել փետրվարի 26-ին տեղի ունեցած միջադեպը: Լսումների ժամանակ այցելուներից մեկը ոտքի է կանգնել, ընդհատել գործընթացը և ճառ ասել. «Ես հայտարարում եմ ամերիկացիների մեծամասնության անունից, ովքեր հավատում են՝ փողը ձայն չէ, ձեռնարկությունները մարդիկ չեն, իսկ մեր ժողովրդավարությունը չպետք է բաժին ընկնի նրան, ով շատ կվճարի»,- հայտարարել է տղամարդը, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան: Նրան մեղադրանք է առաջադրվել դատարանի շենքում անպատշաճ վարքի համար:
Պարզվել է՝ ձերբակալվածը Լոս Անջելեսի բնակիչ Նոա Նյուքիրքան է: Նրա հայտարարությունը վերաբերում էր 2010-ին ընդունված ուղղման, որն ընդլայնում է ձեռնարկությունների և ֆինանսական ընկերությունների հնարավորությունները:
Գերագույն դատարանում հաստատել են, որ տեղյակ են նիստի տեսագրության հրապարակման մասին, սակայն դա ոչ մի կերպ չեն մեկնաբանել:







































