Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Կառավարական ամբողջ ապարատի ծախսերը կազմում եմ ընդհանուր մեր բյուջեի 54,422 տոկոսը, իսկ անձնակազմի կրճատման արդյունքում այդ ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի 54,358 տոկոսը: Դրամական արտահայտությամբ դա կազմում է 1 մլրդ 62 մլն դրամ կամ պետբյուջեի 0,064 տոկոսը: Այսպիսով՝ մենք կարող ենք հայտարարել, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի լուծում պետական միջոցների խնայողության խնդիրը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ սա չի լուծում նաև արդյունավետության խնդիրը. «Իմ հաշվարկներով՝ կրճատվող աշխատակիցների թիվը կազմելու է շուրջ 270: Տպավորություն է, որ այս փոփոխություններն ինքնանպատակ են, առանց հստակ գաղափարախոսության և հաշվարկների»:
Պատգամավորի համոզմամբ՝ փոփոխությունները պետք է կատարվեին գիտականորեն հիմնավորված հաշվարկներով. «Առաջարկվող նախագիծը ավելի ճկուն, ադապտիվ և ավելի արդյունավետ չի դարձնելու գործադիր իշխանության կառուցվածքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: