«Սովետական միության կործանումից հետո Իրանը ուղիներ էր փնտրում իր համար շատ կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում սեփական դերը մեծացնելու համար։ Այս առումով հիանալի հնարավորություն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ ներգրավածություն ունենալը։ Ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանը իրեն ներկայացնում է՝ որպես անկողմնակալ միջնորդ։
Սակայն Իրանը մոռացել էր այս տարածաշրջանում վճռորոշ դեր ունեցող Մոսկվայի մասին»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած բանավեճ-քննարկման ժամանակ ասաց Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, իրանագետ Ալ Գրենմայեհը։
Պրոֆեսորը թեև Իրանին չի համարում ամենաընդունելի միջնորդը՝ հիշեցնելով, որ Իրանը ունի ավելին քան նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ, սակայն կասկածի տակ է առնում նաև Մոսկվայի դերը։ «Հայտնի չէ՝ Մոսկվան անո՞ւմ է արդյոք ամեն ինչ հակամարտության լուծման համար, թե՞ նրան ձեռնտու է ստատուս քվոն։ Այս հակամարտություն թույլ է տալիս Ռուսաստանին լծակներ բանեցներ երկու կողմերի վրա։ Գիտեք, քաղաքականության մեջ անկեղծությունը հազվադեպ է պատահում»,- ասում է Ալ Գրենմայեհը։







































