ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր Մարտի մեկի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ խոստացավ խոսել պարզ ընդարձակ նախադասություններով, որպեսզի հասկանալի լինի տարրական կրթություն ունեցողներին անգամ, բայց երբեմն նաև օգտագործել շրջուն նախադասություններ:
«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ անհատականացնելու համար, բայց ես անհատական չեմ: Ինձ մեղադրեցին՝ կնոջը, կնոջը, կնոջը, էս ինչ ասեց կնոջը… ես բար չեմ եկել, դուք էլ՝ կնոջ հետ, որ խեթ-խեթ նայել եմ, որ դուք էլ դիտողություն անեք ինձ, դուք պատկերացնում եք՝ մարդը ինչքան բացասական լիցքերով պիտի տոգորված լինի, որ գրավոր նախօրոք՝ մի օր առաջ, անպայման գրի, որ անպատվի: Սովորաբար ԱԺ-ում կրքերը հասունանում են, երբ բանավոր ես խոսում, երբ փոխհարաբերություններ են դրսևորվում, մի օր փոշմանում ես, մի օր ներողություն ես խնդրում»,- ասաց նա՝ իմիջիայլոց նշելով, որ բավական լավ է համարում պարոն Ջհանգիրյանի ելույթը և նախագիծը ներկայացնելը, որովհետև պարզապես պրոֆեսիոնալ ամբողջ իր կարողություններով հասկանալի դարձրեց, թե ինչ է ուզում, բայց իրենք՝ քաղաքական որոշում կայացնողները, երբեք դա չզգացին:
Սահակյանի խոսքով՝ ընդդիմադիրներն իրենց ելույթներում հանձնաժողովի եզրակացության փաստաթուղթը ներկայացրին արդեն, դուրս եկավ՝ հանցագործը իրենք՝ մեծամասնությունն են, և նրանք պիտի գան հանցագործների հետ հանձնաժողովի նիստեր անեն, խնդիրներ լուծեն: Խմբակցության ղեկավարը նշեց, որ մի առիթով ասել է՝ չվարկաբեկեն երկրի առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ գոնե մի քիչ նմանվեն:
«Էդ պրովոկացիոն ելույթները՝ մայդանական ոճով… մի անգամ ոգևորվեցիք արաբական աշխարհի խառնաշփոթով, հիմա էլ ոգևորվել եք մայդանով: Մեր մայդանը եղել է 88 թվին և ավելի հզոր, ազգային կռիվ ենք տվել ամենամեծ կայսրության դեմ, մենք ստեղծել ենք պետություն, այն ղեկավարում են պետություն ստեղծողները, առավել ևս՝ հակադրեք մեզ և ուկրաինացիներին: Ուկրաինացիները, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, այսօր պետություն չի այն, չենք իմանում՝ ինչ է, որի համար շատ ցավում ենք: Ամբողջ աշխարհը խառնվել է և փորձում է ֆինանսական օգնություն տալ, որ պետություն դառնա, իսկ մեր դառը վիճակում ոչ մեկը մեր ձեռքը չէր սեղմում, և մենք դարձանք պետություն»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ ընդդիմադիրների հարցադրումները պոպուլիստական չեն, քաղաքական պրովոկացիաներ են, և հարց ուղղեց՝ ի՞նչ իմացան, որ իրենք դեմ են լինելու, և արդեն իսկ ելույթներում իրենց դեմերի պատասխանն էին տալիս:
«Էդ ժողովուրդը, որ մտածում եք՝ մարտի մեկին պիտի հավաքվի, նաև մեր ժողովուրդն է, մի՛ սեփականաշնորհեք, նույնիսկ կարող եք մեզ չսիրել, բայց մեր ժողովուրդն է, մենք ցավում ենք էդ ժողովրդի համար, մենք ավելի շատ ենք ուզում բացահայտումներ լինեն, բայց դուք բացահայտողներ չեք, ոչ էլ մենք»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք ընդամենը կարող են դրական վերաբերմունք ունենալ:
Սահակյանը կարծում էր, թե ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի ամբիոն բարձրանար ու ասեր՝ «Շնորհակալություն, «Բարգավաճ Հայաստան», «Շնորհակալություն, «Բարգավաճ Հայաստան», սակայն իրականում այլ բան եղավ: «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա դուք մտածում եք, ԲՀԿ-ն համարում եք այլընտրանքային քաղաքական ուժ, դուք դարձել եք ընտրանքային, յանի դուք էլ իրանց ընտրյալներն եք ու կարող եք գալ ստեղ, ինչ ուզենաք՝ խոսեք: Ինչից ասես խոսեցիք, բացի նախագծից:
Ո՞վ ասեց, որ տրամաբանորեն մենք քննարկելու որևէ բան չունենք, մենք շատ քննարկելու բաներ ունենք: Նույնիսկ զոհերին են մասնավորեցրել՝ մեր զոհերն են, դուք ո՞վ եք որ, հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի: Դուք զոհի կարգավիճակն էլ չգիտեք՝ ինչ է»,- ասաց նա:
Սահակյանը նկատեց՝ իրենց ուղղությամբ կրակում էին՝ չունենալով սեփական զենք անգամ, սեփական հզորություն: Նա հիշեց հայտնի խոսքը՝ «փամփուշտ ա՞լ չունիք», ապա խորհուրդ տվեց փամփուշտը չունենալու պարագայում ուրիշի հզորություններով չշարժվել առաջ: Սահակյանը կրկնեց իր հորդորը՝ չոգևորվել այլ ազգերի մեջ տեղի ունեցածով:
Նա նշեց՝ Հանրապետականը չի այս ազգի տերը, այս ազգում կան բավական լուրջ նաև ազգային ուժեր, որոնք քաղաքական կառույցներում չեն, չեն կարող անճաշակների հետևից գնալ, չեն կարող մարդկանց հետևից գնալ, որոնք չեն տեսել՝ ինչը ոնց է եղել: «Էլ չեմ ասում՝ ես կարող եմ… իհարկե, էստեղից չեմ ուզում ասել… էսօրվա գործիչների բոլորի ականջներին կարող եմ ասել, թե ինքը որտեղ էր, որ դիրքով էր և ինչ էր անում, բայց մենք էդ խնդիրը չունենք, մենք եկանք իշխանության, հետ էլ չնայեցինք, մենք առաջ ենք գնում:
Մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների, այլ լուրջ մարդկանց միջոցով, որը մենք ենք՝ ըստ էության, և շատ քաղաքական գործիչներ՝ ընդդիմադիր ուժերից: Դա լինելու է, իսկ հիմա հանգստացեք, հանգիստ սպասեք հաջորդ քառօրյային՝ մինչև քվեարկությունը, ես կասեմ նաև մեր խմբակցության տեսակետը»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր էր ուզում ասել այն, բայց չի ասում մեկ պատճառով՝ որովհետև հիմա արդեն կողմնորոշվելու իրավունք կա՝ գնա՞լ պրովոկատորների հետ, թե՞ չգնալ, սակայն կանխավ մտածում էին գնալ:
Սահակյանը, դիմելով ընդդիմադիրներին, նշեց, որ իրենք հատուկ են անում՝ նորից գրգռելու ժողովրդին: Նրա խոսքով՝ մարտի մեկին հավաքվում են, որ մեկը մյուսին ցավակցեն, հիշատակի խոսք ասեն, սակայն արդեն հայտարարել են, արդեն կայքերում գրում են՝ մարտի մեկի հավաքից հետո կասեն՝ էստեղ մայդան կլինի՞, թե՞ չի լինի:
«Մայդանը…. Էն մարդիկ, որոնք մտածում են, որ մայդան պիտի լինի Հայաստանում, թող էդ մայդանը իրենց հոր բոստաններում լինի, բայց մեզ հետ երբեք չկապեք: Մենք անթերի չենք, մեր թերությունները մենք ասում ենք: Աքլորը նույնիսկ որ կանչում ա, առավոտն ա կանչում: Սրանք համ կեսօրին են կանչում, համ քնած տեղն են կանչում, ծուղրուղուով ուզում եք առա՞ջ գնաք: Էդ սրանցից ո՞ր մեկը ազգի, պետության համար բան չի արել, հլա ավելացնեմ՝ կարող եմ մեկ-մեկ թվարկել, տարբեր մարդիկ կային, որ էսօր հոխորտալով պրովոկացիա են անում, բուլավկով մայկա էին հագնում էդ թվերին, չեն էլ իմանում՝ որտեղից են եկել, հիմա ուր պիտի գնան: Էնպես որ՝ հանգիստ, պետք է տրամաբանորեն կարողանանք բանակցել, մեկս մյուսին լսել, մեկս մյուսի մեջ թշնամի չտեսնել»,- ասաց նա՝ իմիջիայլոց նշելով, որ հանձնաժողովն անիմաստ է, ու կարծում է՝ վերջին հաշվով պիտի մարդիկ խոսեն, ականատեսներ խոսեն, բայց եթե «մարդավարի», կարգին չաշխատեն, պրովոկացիոն, ոսկոր ունեցող լեզվով չկարողանան կարգավորել իրենց, ապա մեծամասնությունը կներկայացնի իր վճիռը և կասի քվեարկությունից առաջ:











































