Հայաստանում ուկրաինական համայնքը զերծ է մնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելուց: Համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք քաղաքական գործիչ չեն և իրավասու չեն որևէ գնահատական տալ:
«Մենք իրավունք չունենք քաղաքական գնահատական տալ, մենք միայն ցավում ենք այդ ամենի համար. մարդիկ են զոհվել: Իսկ քաղաքական գնահատական տալ՝ միայն բարձր պաշտոնի մարդիկ իրավունք ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը: Նա նշեց, որ բոլորովին վերջերս է ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը և նախնական տվյալներով կարող է ասել, որ Հայաստանում ուկրաինական համայնքում կա մոտ 5 հարյուր մարդ:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ համայնքի անդամ Նադեժդա Պասյուկը ևս, նշեց, որ իրենք շատ են ցավում տեղի ունեցածի համար, «բայց մենք այստեղից ի՞նչ կարող ենք անել: Մեզ այստեղ շատ լավ են վերաբերվում, մեզ ոչ ոք չի անհանգստացնում: Ես չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում, ես չգիտեմ՝ ինչու է պետք այդ պատերազմը: Ամեն մարդ պետք է հասկանա, որ նա խաղաղության մեջ պետք է ապրի և ո՛չ պատերազմի: Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի մոտ ապագայում:
Նա հավելեց, որ, իր գնահատմամբ, հնարավոր է՝ փոփոխություն լինի: Պասյուկի խոսքով՝ բարին կհաղթի, և ամեն բան ավելի լավ կլինի: «Այնտեղ մարդկանց հացի համար գումարը չէր հերիքում՝ մանավանդ թոշակառուներին, ամեն դեպքում, դժգոհություն կար: Ես միայն սեր կմաղթեմ: Փոփոխություն երևի պետք էր, վաղուց երևի կար դժգոհություն: Բոլոր ազգերին խաղաղություն եմ մաղթում»,-ասաց նա:
Ա.Հարությունյանն ասաց, որ հիմա էլ գեղեցիկ ուկրաինուհիները գրավում են հայ տղաների սրտերը, գալիս, արդեն ընտանիքներ կազմում. «Կյանքը է կառուցվում, Հայաստանը նրանց համար դառնում է երկրորդ հայրենիք, նոր ընտանիքներ են ստեղծվում»:
Նրա գնահատմամբ՝ Մայդանում տարբեր մարդիկ են եղել, հեղափոխականներ էլ կային, գալիս էին նաև ուղղակի հետաքրքրասերներ և այլ մարդիկ… «Կարող էին նաև հանցագործներ լինել: Հիմա, երբ իշխանությունը հեռացված է, և փողոցներն առանց ոստիկանների են մնացել, այստեղ նաև հանցագործներ կարող են լինել: Հիմա որպեսզի չշարունակվեն այդ տհաճ իրադարձությունները, պետք է մտածված գործել: Քաղաքական գործիչները պետք է շատ ուշադիր լինեն ապագայի պլանների հարցում: Այս ամենը տեղի ունեցավ, որովհետև միմյանց չհասկացան նրանք, ովքեր դեպի Եվրոպա էին ուզում գնալ, և նրանք, ովքեր դեպի Ռուսաստան էին կողմնորոշված:
Ժողովրդի պահանջները ևս տարբեր են, ուղղակի պետք է ընդհանուր ինչ-որ նպատակներ գտնել»,- եզրափակեց նա:







































