Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին: Նա նշեց, որ ամառ է, և ակնհայտ է, որ գործընթացները դանդաղելու են, ինչը հասկանալի է և բնական:
«Իհարկե, կողմերը ինչ-որ կերպ կփորձեն պահպանել գործընթացը, բայց քաղաքական կյանքում իրական իրադարձությունները տեղի կունենա աշնանը, երբ կսկսվի նախընտրական քարոզարշավը»,- կարծիք հայտնեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի գնահատմամբ` այդ շրջանում արմատական հռետորիկան կավելանա, քանզի դրա նվազումը կորուստներ է առաջացնում, կլինեն նաև ճակատային հարվածները, քանզի երկխոսությունը դեռ չի նշանակում, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հետ այլևս խնդիրներ չունեն և այլևս դադարում են հակառակորդներ համարվելուց: Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն ու իշխանությունը շարունակելու են միմյանց մեղադրել, և դա նորմալ է, սակայն այդ ամենը տեղի է ունենալու այլ լեզվով և այլ կերպ. «Բայց հակասությունները մնալու են, և մենք այդ ամենին ականատես կլինենք աշնանը և ձմռանը»:
Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հակասություններ կան նաև իշխանական կոալիցիայի ու ընդդիմության ներսում, քանզի սրանք միասնական չեն, և թե՜ ընդդիմությունը, թե՜ իշխանությունը ձևավորված են մի քանի մարմիններից, մի քանի ուժերից: Ավելին՝ ըստ քաղաքագետի, հակասություններ կան հենց իշխող` Հանրապետական կուսակցության ներսում, նման բան կա նաև ընդդիմադիր ՀՀՇ-ի ներսում:











































