«Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հենց որ Ուկրաինան ժողովրդավարական կառավարություն ունենա և կարողանա կառավարել երկիրը, կարող է Բրյուսել գալ և ստորագրել այն: Հնարավոր է՝ դա տեղի ունենա նախագահական մայիսյան ընտրություններից հետո, որպեսզի այն ստորագրի թարմացված ժողովրդավարական լիազորություններով նախագահը»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Սիկորսկին նշել է երեք առաջնահերթ խնդիրները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու համար. պայմանավորվել ԱՄՀ-ի հետ, արժեզրկել գրիվնան և ազգաբնակչության համար բարձրացնել գազի գինը, փոխանցում է УНИАН-ը՝ հղում անելով Gazeta Wyborcza-ն:
«Նոր իշխանությունը արտակարգ քաղաքականություն վարելու համար սահմանափակ ժամանակ ունի, երբ հասարակությունը դեռ կարող է ընկալել, որ այդ «զոհերի» մեղավորը նախկին իշխանություններն են»,-ասել է լեհ նախարարը:
Նա ավելացրել է նաև, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի Ուկրաինայի իրադրությունից դժգոհ լինելու համար:
«Մոսկվան կարող է դժգոհ լինել, քանի որ Ուկրաինային 15 միլիարդ դոլար է խոստացել, ծախսել է երեքը, մինչդեռ Ուկրաինան վերադառնում է եվրոպական ուղուն»,- նշել է Սիկորսկին:











































