Մայիսին տեղի ունենալիք Եվրոպայի խորհրդարանի ընտրություններին առայժմ հայտնի չէ, թե Ֆրանսիայից ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
«Կարծում եմ, որ այս անգամ ծայրահեղականները մեծ թվով ներկայացված կլինեն խորհրդարանում․ այսինքն՝ այդպես ենք լսում, որ այդ պրոեվրոպական զգացումը տկարացած է բոլոր երկրների մեջ: Չեմ կարող հաստատել, բայց կսպասենք, որ աջ ծայրահեղականները, մեծ արդյունք կստանան մայիսին: Մեծ ասելով՝ նկատի ունեմ մոտավորապես 25 տոկոս»,- ասաց Մինասյանը:
Նա հավելեց, որ խորհրդարանական կուսակցությունները՝ աջակողմյան և ձախակողմյան ավանդական կուսակցությունները, կանխատեսումների համաձայն, կպարտվեն:
«Փոքր-ինչ վաղ է ասել, թե ինչպես պետք է աշխատեն Հայաստանի հետ, որովհետև թեկնածուների անունները հստակ չեն:
Կան թեկնածուներ, որոնք հայասեր են, բայց համոզված, հստակ ասել չեմ կարող:
Ավելի շուտ շեշտ պետք է դրվի Թուրքիայի հարցի վերաբերյալ, քան թե՝ կոնկրետ Հայաստանի:
Մի բան կարող եմ ասել. վստահ եղեք, որ ծայրահեղ աջակողմյանները և աջակողմյանները Թուրքիայի հարցը մեջտեղ կբերեն, որպեսզի ավելի խստորեն Թուրքիան չընդունվի Եվրոպական միության մեջ, և բանակցությունները դադարեցնեն մեկընդմիշտ»:
Քաղաքագետի խոսքով՝ վստահաբար, կխոսեն նաև Հայոց ցեղասպանության մասին․ «Կուզեն, որ Թուրքիան ճանաչի այն: Նրանք, որոնք դեմ են, որ Թուրքիան մտնի Եվրամիության կազմի մեջ, պետք է օգտագործեն այդ հարցը՝ ցույց տալու, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ի մեջ»:
Մեր այն դիտարկմանը ի պատասխան, թե Հայաստանի համար ամեն դեպքում լավ կլինի, որ աջակողմյանները խորհրդարանում ներկայացված լինեն, Կայծ Մինասյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որ լավ է հայերի համար, ես միայն կասեմ, որ ցեղասպանության հարցը մեջտեղ կգա»:
Նրա խոսքով՝ Ցեղասպանության հարցը քրեականացնող օրինագիծ մշակած պատգամավոր Վալերի Բուայերը այդ խորհրդարանում ներկայացված չի լինի․ «Նա Եվրոպական մակարդակով հարց չունի, միայն Ֆրանսիայի մեջ: Պետք է նախագահը Հայաստան այցելի մայիսի վերջին: Նրա վերադարձին ինչ-որ բան կներկայացվի օրինագծի հետ կապված․ բովանդակությունը գոնե ինձ առայժ հայտնի չէ»:












































