ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակության հետ:
«Այսօր ՀՀ ԱԺ-ում ընդունել եմ Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսությունը վերջին 10 տարում եղել է անընդհատ: Եվ այս հարցում էական դերակատարում է ունեցել նաև Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խումբը: Վստահ եմ, որ խմբի աշխատանքները լավագույն կերպով կշարունակվեն խմբի նոր ղեկավար, ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության պատգամավոր Գահանե Աբրահամյանի ջանքերով:
Պարոն նախարարին ուղղված խոսքիս մեծ մասը շնորհակալություն էր՝ 2017թ.-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտման և ճանաչման բանաձևի ընդունման համար, ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում հայտնելու և Չեխիայի Սենատի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Սպասում ենք Պատգամավորների պալատի կողմից վավերացմանը»,- գրել է Նազարյանը:












































