Անցած հինգշաբթի ամերիկյան «GK brand» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև կնքված համաձայնագրով մեկնարկեց Հայաստանի բրենդավորման գործընթացը, որի համար նախատեսվել է 450 հազար ԱՄՆ դոլար գումար, որից 150 հազար դոլարը՝ ներդրված կառավարության կողմից: ՀԱՄՀ-ի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի բրենդավորումը կարևոր գործընթաց է, որը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, այլև կօգնի ապահովել Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ՝ ներդրումային հոսքեր ապահովելով և հետաքրքրություն առաջացնելով արտահանվող տեղական ապրանքների, ծառայությունների հանդեպ:
Բրենդավորումը, Խաչատրյանի խոսքով, կարևոր է նաև միջազգային ներդրումների խթանման համար: «GK brand» ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանն իր հերթին կարևորեց երկրի բրենդավորման գործընթացը՝ հավելելով, որ այդ ոլորտում իրենք մեծ փորձ ունեն, աշխատել են Կանադայի, Հարավային ու Լատինական Ամերիկայի երկրների հետ և շոշափելի արդյունքներ են գրանցել: Նրա խոսքով՝ եթե երկիրը չի վերահսկում իր բրենդավորման գործընթացը, ապա դա շատ ավելի բացասական հետևանքներ կարող է ունենալ: «Բրենդավորումն ի զորու է փոխելու ընկալումը, իրազեկվածությունը տվյալ երկրի մասին»,- ասաց նա:
Սակայն ո՛չ Քալայջյանը, ոչ էլ Խաչատրյանն այդպես էլ հստակ չնշեցին, թե իրենք հատկապես ո՛ր ուղղությունների, ո՛ր ոլորտների վրա են աշխատելու, հնարավոր ի՛նչ կարևոր բրենդներ են տեսնում և մոտավորապես ե՛րբ նկատելի կլինեն Հայաստանի բրենդավորման արդյունքները: «Մենք դեռևս պետք է շատ հետազոտություն կատարենք, քանի որ դեռևս նախանշված որևէ փաստ չունենք: Պետք է հաշվի առնենք Հայաստանի մասին բոլոր տարընկալումներն ու թերընկալումները և նոր հետևություններ անենք, թե որ ուղղություններով պետք է աշխատենք»:
Հայազգի Քալայջյանի կանխատեսմամբ՝ բրենդավորման շնորհիվ Հայաստանը առաջիկայում կդառնա Կովկասում առաջնային երկրներից մեկը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Քալայջյանը որպես օրինակ բերեց Թուրքիան, որտեղ բրենդավորման առաջին արդյունքները երևացին միայն 25 տարի հետո:
Արման Խաչատրյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 1-ին իրենք նոր միայն կհրապարակեն բրենդի ներդրման և խթանման աշխատանքային ծրագիրը և գործողությունների պլանը:









































