Այսօր դատական իշխանությունը չունի հանրության այն վստահությունը, որը երաշխավորում է նրանց անկաշկանդ գործելը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
«Հետևաբար, օր առաջ պետք է սկսենք անցումային արդարադատության գործընթացը, որն արդեն սկսել ենք։ Մոտ օրերս կլինեն նաև լսումներ, որոնց մասին նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Լսումներից հետո արդեն, իմ կարծիքով կձևավորվի աշխատանքային խումբը և կսկսվի գործընթացը։ Այսինքն կհաստատվի հայեցակարգը, որի հիման վրա ԱԺ-ն կաշխատի անցումային արդարադատության վրա։ Դրա արդյունքում կիրականացվեն որոշակի փոփոխություններ համապատասխան օրենքներում»,-ասաց պատգամավորը։
Նա կարծիք հայտնեց, որ դրա արդյունքում մոտ ապագայում կունենանք հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն։
Հարցին, թե ակնկալում են, որ անցումային արդարադատության ներդրման հարցում ԱԺ այլ ուժերի հետ կլինի՞ կոնսենսուս՝ հաշվի առնելով, որ շատերը թերահավատ են այդ հարցում, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է թերահավատ, որովհետև դեռ իրենք չեն տեսել, թե ինչ մեխանիզմներ ենք ուզում կիրառել. «Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ես չէի ցանկանա, որ կոնսենսուս լիներ շատ սկզբունքային հարցերի վերաբերյալ, բայց եթե սկզբունքային հարցերում գանք կոնսենսուսի, մնացած տեխնիկական հարցերում կկարողանանք գնալ փոխզիջումների»։











































