13-մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա այն աճուրդում, որը հունիսին կկազմակերպի Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը: Վերջինիս տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 մլն եվրո՝ տեղեկացնում է TASS-ը։
Հաղորդագրությունից հետևում է, որ դինոզավրի մնացորդները, որն ապրել է շուրջ 150 մլն տարի առաջ, ապրիլի 2-ից ցուցադրվում են Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանի հինգերորդ տերմինալում: Հնէաբան և աճուրդային տան փորձագետ Էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:
Կմախքի երկարությունը կազմում է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր: Լոտն, ինչպես նշվում է, ավելի քան 90 տոկոսով «բաղկացած է օրիգինալ ոսկորներից, ինչը դրան լրացուցիչ արժեք է հաղորդում»:
«Դա XIX դարի վերջից ի վեր ամենակարևոր գտածոներից մեկն է»,- լրագրողներին ասել է Միքելերը: Նրա խոսքով՝ որոշ ոսկորների վրա «նույնիսկ մաշկի մնացորդներ են պահպանվել»:
Աճուրդի դրվող դինոզավրի մնացորդները գտնվել են 2012թ․ ԱՄՆ-ում (Վայոմինգի նահանգ): Կմախքը Հիթրոուում կմնա մինչև հունիսի 3-ը, ինչից հետո այն վաճառքի կտանեն Փարիզ։












































