Սաուդյան Արաբիայի «Ջիդդա» օդանավակայանում աշխատանքի են ձեռնամուխ եղել առաջին տասնմեկ կին-ավիադիսպետչերները: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել Է Saudi Gazette հրատարակությունը: Ավելի վաղ նրանք բոլորն անցել են իր տեսակի մեջ առաջին վարժական ծրագիրը, որը թագավորությունում կանանց պատրաստում է ավիադիսպետչերների աշխատանքին: Ներկայում համանման ուսուցում են անցնում սաուդացի ևս տասնհինգ կանայք:
«Ընկերությունը կանանց աշխատանքի է ընդունում տարբեր ոլորտներում՝ իրենց ավանդը ներդնելու «Տեսլական-2030»-ում և ընդլայնելու սաուդացի կանանց մասնակցությունը աշխատանքի շուկային»,- հանդիսավոր արարողությանը հայտարարել է Saudi Air Navigation Services-ի գործադիր տնօրեն Ռայան Տարաբզոնին: Կին-ավիադիսպետչերների պատրաստման՝ մեկ տարվա համար նախատեսված ծրագիրն ընդգկում է տասներեք առարկա, այդ թվում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ավիացիոն տերմինաբանություն, ինչպես նաև ավիադիսպետչերների մի շարք բազային վարժական դասընթացներ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի «Տեսլական-2030» բարեփոխումների ծրագիրը միտված է նավթից երկրի տնտեսության կախվածության նվազեցմանը, տնտեսության մասնավոր հատվածների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքի, հանգստի և զբոսաշրջության զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































