Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ապրիլի 7-ը Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարել՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին։
Ապրիլի 7-ին մեկնարկած Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված պաշտոնական միջոցառումներին Մակրոնին կներկայացնի ցեղասպանությունը վերապրած Էրվի Բերվիլը, որը ֆրանսիական խորհրդարանի անդամ է՝ Մակրոնի կուսակցությունից։
2020թ․ սեպտեմբերից Ռուանդայի ցեղասպանությունը կուսումնասիրեն ֆրանսիական դպրոցներում։
Բացի այդ, Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ֆրանսիական բանակի դերը տուտսիների ցեղասպանության մեջ։
Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն Փարիզին մեղադրել է 1994թ․ ապրիլի 6-ից հուլիսի 18-ը ռուանդացի տուտսիների զանգվածային սպանություններին մասնակից լինելու մեջ, որոնք կատարվել են խուտու կառավարության հրամանով։ Այդ իրադարձությունների ընթացքում 500 000-1 000 000 մարդ է զոհվել, որոնց 70 տոկոսը տուտսիներ են եղել։
Թեև Փարիզը խոստովանել է Ռուանդայի հետ իր հարաբերություններում եղած սխալները, սակայն բազմիցս հերքել է իր զինվորականների մասնակցությունը ցեղասպանությանը։
2016թ․ Ռուանդայի գլխավոր դատախազությունը սկսել է ցեղասպանությանը ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների հնարավոր մասնակցության հետաքննությունը։






































