Մալաթիա-Սեբաստիայում միջադեպ է տեղի ունեցել հրազենի գործադրմամբ, որի թիրախ է դարձել մի քաղաքացի, որը պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար է: Նա ինքն էլ վնասազերծել է կրակողին: Ինչն է միջադեպի պատճառը, մանրամասները հայտնի չեն, առայժմ ընթանում է քննություն: Սակայն, խոշոր հաշվով, մանրամասները մի կողմից լինելով կարևոր զուտ միջադեպի տեսանկյունից, երկրորդական են ավելի խորքային երևույթի համատեքստում: Հրազենի գործադրմամբ հանցավոր միջադեպերի, «ռազբորկաների» առատությունը Հայաստանում նոր չէ, ու դա այն պայմաններում, երբ Հայաստանում չկա զենքի ազատ վաճառք: Ինչ խոսք, պետք չէ «աչքաչափով» ասել, արդյո՞ք հրազենի գործադրմամբ հանցագործությունները միջին վիճակագրական առումով շատ չեն մի երկրի համար, որն ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն և չունի զենքի ազատ վաճառք: Սակայն մի բան ակնառու է, որ Հայաստանում կա զենքի խնդիր, ընդ որում՝ նույնիսկ ոչ միայն ապօրինի, այլև օրինական զենքի խնդիր: Շատ դեպքերում ոստիկանությունը հայտնաբերում է զենքը, կամ բացահայտում միջադեպը և պարզվում է, որ գործածվել է օրինական զենք, կամ հայտնաբերվել է օրինական զենք:
Առաջին հայացքից այդ դեպքում թեման համարվում է փակված՝ զենքը օրինական է: Սակայն իրականում դրա տակ կա խորքային խնդիր, եթե հաշվի ենք առնում մի հանգամանք՝ ո՞ւմ և ինչպե՞ս է Հայաստանում տրվել զենք կրելու, պահելու իրավունք: Անհերքելի է, որ խոսքը գերազանցապես նախկին իշխանության շրջանում «շնորհված» իրավունքի մասին է: Իսկ արդյո՞ք մեծ խելք է պետք պատկերացնելու կամ ընկալելու համար, որ նախկին իշխող համակարգում ամենևին պատահական մարդիկ և շրջանակներ չէ, որ ստացել են զենք կրելու իրավունք, անգամ զենքեր են նվեր ստացել բարձրաստիճան պաշտոնյաներից: Ավելին, խորքային առումով գործել է յուրօրինակ քրեաօլիգարխիկ բանակ պետության մեջ, վերահսկվող ստորաբաժանումներով՝ տարբեր հիերարխիկ մակարդակներով, անհրաժեշտության դեպքում տարբեր հարցեր լուծելու համար, ընտրակեղծարարությունից, իշխանության վերարտադրությունից մինչև համակարգի պահպանության կենցաղային կամ քաղաքական խնդիրներ:
Քաղաքական փոփոխությունների հետևանքով այդ բանակը գործնականում կազմալուծվել է, բայց լուծվե՞լ է արդյոք զենքի խնդիրը՝ օրինական, թե ապօրինի: Ու առավել ևս օրինական: Եվ այս համատեքստում հարցն ունի նաև մեկ այլ կարևոր ենթաշերտ: Որքանո՞վ է հանրային համակեցության համերաշխության և իրավահավասարության սկզբունքը պահպանված ու երաշխավորված, երբ կա ակնհայտ խախտված հավասարակշռություն՝ հանրությունն ընդհանուր առմամբ զրկված է ազատ զենքի իրավունքից, բնականաբար՝ խստիվ պատասխանատվությամբ հանդերձ, և կան հանրային շերտեր ու խմբեր, որ դեռևս նախկին համակարգից օժտված են այդ իրավունքով, ընդ որում՝ անհավասարության սկզբունքով: Սա հանրային համակեցության հավասարակշռության լրջագույն խախտում է, որն ունի «պատից կախված զենքի» վտանգավորություն, քանի որ երբեք հայտնի չէ, թե երբ կկրակի և ինչ ուղղությամբ:
Ընդ որում հատկանշական է, որ հերթական հրազենային միջադեպը հայտնի է դառնում խորհրդարանում մարդու իրավունքի թեմայով լսումների ֆոնին: Բանն այն է, որ հանրային համակեցության հավասարակշռության խախտման տեսանկյունից հարցը հենց մարդու իրավունքի խնդիր է:
Խախտված է, այն էլ լրջորեն՝ ընդհուպ կյանքի համար վտանգավոր աստիճան խախտված է հանրային մեծամասնության իրավունքը, և առկա, թեկուզ օրինական զենքի խնդիրը պետք է հայտնվի Հայաստանում մարդու իրավունքի շուրջ դիսկուրսում՝ անհրաժեշտ լուծումներով: Իհարկե, այստեղ առկա է նաև սեփականության իրավունքի հարց, բայց մյուս կողմից կա նաև հանրային շահն ու անվտանգությունը և ըստ այդմ պետք է չափազանց խստացվեն օրինական զենքի կիրառման պայմանները, Հայաստանում հանրային համերաշխության համար կարևորագույն հարցում խախտված հավասարակշռությունը զգալիորեն վերականգնելու համար:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի







































