Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայ հանրությանը առավելապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ձերբակալվեց Մինսկում և արտահանձնվեց Ադրբեջանին: Մի քանի ամիս ադրբեջանական բանտում անցկացնելուց հետո Լապշինը ազատ արձակվեց և վերադարձավ Իսրայել:
Դուք բավականին հայտնի եք Հայաստանում, տեղեկություններ ունե՞ք՝ ինչպիսի ճանաչում ունեք Ադրբեջանում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Ալեքսանդր Լապշինը նշեց. «Ես այս պատմության սկզբում չափազանց հայտնի էի Ադրբեջանում, բայց բացասական առումով, իսկ հիմա, երբ ինձ հետ կապված իրադարձություններն ընթացան ոչ այնպես, ինչպես իրենք էին պլանավորել, այդ ամենը կավարտվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ընդդեմ Ադրբեջանի դատով, հիմա նրանք ուզում են ինձ մոռացության մատնել, բայց ես նրանց այդպիսի հնարավորություն չեմ տա:
Ազատ արձակվելուց հետո Լապշինն իր բլոգում գրել էր. «Հայե՛ր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած և վերջ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը, ապա նրանք կգան՝ և կգան ինչպես թուրքերը՝ ձեզ կոտորելու»: Մեզ հետ զրույցում բլոգերը նշեց, որ իրադարձություններից երկու տարի է անցել, բայց իր տեսակետը բոլորովին չի փոխվել: Նրա խոսքով՝ ադրբեջանցիներին ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ ամբողջ Հայաստանի ոչնչացումը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը փորձում է Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և փոխել բանակցությունների ձևաչափը, բլոգերը նշեց. «Կարծում եմ և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ տեսանելի ապագայում խաղաղություն չի լինելու, և բանակցությունները ընթանալու են դիրքորշումների փոփոխության և ինչ-որ կերպ ստատուս քվոյի ամրապնդման նպատակով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































