Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան լքել է զբաղեցրած պոստը նրա հրաժարականի պահանջով մի քանի շաբաթ ընթացող բողոքի ակցիաներից հետո, հաղորդում է ալժիրական APS պետական գործակալությունը:
Ալժիրը 20 տարի ղեկավարած 82-ամյա նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից մինչև ապրիլի 28-ը, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Ցուցարարները հայտարարությանն արձագանքել են զանգվածային փողոցային տոնախմբություններով: Երկրի մայրաքաղաք Ալժիրում ավտոմեքենաների ազդանշաններ են հնչել, իսկ ցուցարարներից մեկը ազգային հեռուստատեսությամբ շնորհակալություն է հայտնել Ալլահին, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Բութեֆլիկան հայտարարել է, որ հեռանալուց հետո կփորձի ապահովել «իշխանության ինստիտուտների շարունակականությունը»: Ինչպես սպասվում էր, առաջիկա երեք ամիսների ընթացքում անցումային կառավարությունը կգլխավորի խորհրդարանի վերին պալատի նախագահ Աբդելքադեր Բենսալահը:











































