«Սասնա ծռեր» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել «Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով», նշվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Սասնա ծռերը» մասնավորապես նշում են. «Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել: Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով»։ ԱԺ նախագահն առայժմ այս առաջարկին որևէ կերպ չի արձագանքել։ Մենք խորհրդարանական խմբակցություններից փորձեցինք պարզել իրենց վերաբերմունքն այս նախաձեռնությանը։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով առաջարկին, նշեց. «Քանի որ դիմել են պարոն Միրզոյանին՝ անհրաժեշտության դեպքում նա համապատասխան հանձնաժողովին կուղարկի հայտն ու ըստ այդմ կորոշվի։ Ընդհանուր առմամբ զերծ կմնամ հավելյալ մեկնաբանություններից, որպեսզի հավելյալ տոն չհաղորդեմ իրավիճակին՝ հասկանալով հարցի նրբությունը»։
Ինչ վերաբերում է այս փուլում նման լսումներ անցկացնելու անհրաժեշտությանը, Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Ես այս փուլում դեռևս կարծում եմ, որ վաղ է, բայց, ընդհանուր առմամբ, այն, որ պետք է հետագայում մտածվի Ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի մասին՝ միանշանակ է»։
Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց՝ դասեր պետք է քաղվեն, բայց և հասկանալով խնդրի նրբությունը՝ պետք է լինել շատ զգուշավոր։ «Առաջին հերթին բանակի հարցում պետք է լինել շատ նրբանկատ։ Բայց այն, որ պետք է որոշակի դասեր քաղել ու եզրակացություններ անել՝ անվիճելի է։ Թե ինչ ձևաչափով՝ այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- եզրափակեց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում «Սասնա ծռերի» առաջարկության մասին։ «Քանի որ առաջին անգամ եմ լսում, դիրքորոշում հայտնել չեմ կարող, մենք այդ հարցը, բնականաբար, չենք քննարկել։ Երբ ԱԺ նախագահը նման հարցով մեզ կդիմի՝ մենք կքննարկենք և մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Զոհրաբյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով «Սասնա ծռերի» նախաձեռնությանը, նշեց. «Քանի որ այդ բոլորը կապված է նախորդ իշխանության հետ, չեմ կարծում, որ մենք այսօր Ապրիլյան պատերազմին անդրադառնալիս պետք է ընդհանրապես ձեռնամուխ լինենք անցյալին որևէ գնահատական տալու աշխատանքին»։
Պատգամավորն ընդգծեց՝ պատերազմի դասը պետք է լինի ապագային միտված մեր գործողությունները. «Ինչ անենք, որ խուսափենք այն ամենից, ինչ եղավ 2016 թվականի ապրիլին։ Այն գործընթացները, որ տեղի են ունենում բանակում՝ կոռուպցիայի դեմ պայքար, բանակի առողջացում, մարդկային ներուժի ֆիլտրացիա, վերջին պաշտոնանկությունը, կասկած չհարուցող նշանակումները… այդ ամենը կարևոր դիրքավորում եմ համարում, դա մեզ հույս է տալիս, որ իսկապես Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը նոր իշխանությունը քաղել է։ Ուստի մենք բացառում ենք Ապրիլյան պատերազմի կրկնություն՝ իր բացասական բոլոր հետևանքներով»։
Բաբաջանյանի դիտարկմամբ՝ ԱԺ-ում լսումներ անցկացնելու ու գնահատականներ տալու փոխարեն մեր գործողությունները պետք է միտված լինեն ԶՈւ-երի և ընդհանրապես համալիր որոշումների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքների ավելացմանը. «Առ այն, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով կարող ենք ամրապնդել ամբողջ մեր բանակային համակարգը՝ իր սոցիալական բաղադրիչով, պարտադիր զինվորական կոմպոնենտով։ Մեզ պետք է, որ մեր ամբողջ տնտեսությունը միտված լինի անվտանգության ապահովմանը, և այն նպատակը, այն խնդիրը, որ մենք մեր առջև դրել ենք պաշտպանության նախարարի հայտարարության տեսքով՝ առնվազն ենթադրում է ամբողջական համալիր մոտեցում՝ տնտեսության բոլոր ուղղությունների վերագործարկում, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ արտահանման բարձր արտադրողականության, տեխնոլոգիական և նորարարական ուղղություններով մեծ արդյունքների արձանագրում»։
Մեր զրուցակիցը նշեց. «Մի բան է ցանկանալ և հռչակել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կոնցեպտը, այլ բան է, որ կարողանանք ամբողջ երկրի ներուժը՝ իր իմացական, պաշտպանական արտադրողական ողջ բաղադրիչով սպասարկել այդ նպատակին»։
Պատգամավորն անհրաժեշտ է համարում, որ այս ամենը կարողանանք իրականացնել ԱԺ-ի վերահսկողության շրջանակներում և հնարավորինս բացառենք այնպիսի գործողություններ ու քայլեր, որոնք կարող են որևէ ձևով դուրս մնալ խորհրդարանական վերահսկողությունից. «Անընդունելի էր Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելու փաստը, դա մեր արևմտյան գործընկերների մոտ շարունակում է խնդիրներ առաջացնել։ Մենք՝ որպես խորհրդարանի ներկայացուցիչներ որևէ ձևով ներգրավված չլինելով այս գործընթացին՝ շարունակում ենք անպատասխան թողնել բազմաթիվ բարձրացված հարցեր։ Պետք է բացառենք այսպիսի հնարավորությունները, որովհետև արտաքին գործընկերները չափազանց կարևոր գործոն են մեր ընդհանուր անվտանգության ապահովման խնդիրներում, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում»։
Ուստի Բաբաջանյանը շեշտում է՝ բոլոր ձեռնարկվելիք քայլերը պետք է հաշվի առնեն տարածաշրջանում շահեր հետապնդող մեր մյուս գործընկերների վերաբերմունքը. «Մենք չենք կարող այդպիսի կարևոր հարցերում հաշվի չառնել բոլոր կողմերի վերաբերմունքն ու շահը։ Ապագայում պետք է բացառվեն այստեսակ գործընթացներից խորհրդարանին դուրս դնելու պրակտիկան, որպեսզի հնարավորինս թափանցիկ լինեն Երևանի գործողությունները»։









































