Մոսկվան Բելառուսին մինչև 600 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Նա հստակեցրել է, որ միջոցները կուղղվեն նախկինում Ռուսաստանի կողմից տրամադրված հիմնական պարտքի մարման վճարների վերաֆինանսավորմանը:

Բացի այդ, Սիլուանովը նշել է, որ Մինսկն ավարտել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հերթական, յոթերորդ վարկային տրանշի տրամադրման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Դրական որոշման դեպքում, ապրիլին, Բելառուսը ևս 200 մլն դոլար կստանա:
2018-ի օգոստոսին Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին հայտարարել է երկրի արտարժութային պարտքի գծով վճարումների 50%-ի վերաֆինանսավորման մասին: «Մեր ռազմավարությունը պարտքերի ավելացման կանխումն է:

Մենք իդեալական ենք համարում 50%-50% տարբերակը՝ կիսով չափ վճարել, կիսով չափ վերաֆինանսավորել»,- ասել է նա: Պարտքի գումարը կազմում է 3.7 միլիարդ դոլար:











































