2016թ ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 3 տարի, առ այսօր տարբեր գնահատականներ են հնչում այդ պատերազմի պատճառների մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշեց. «…Ադրբեջանն իր վերջին շունչն էր փչում, և 1994թ. կնքվեց հրադադարի ռեժիմի պայմանագիրը, մասնակցում էին Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ի դեմս ՌԴ ներկայացուցչի, և 1995թ. ևս մեկ անգամ պայմանագիրն ամրագրվեց: Որպես նախկին հրամանատար կարող եմ իմ գնահատականը տալ. մենք այդպես էլ ճիշտ չընդունեցինք այդ փաստաթուղթը, չունեցանք այն փաթեթը՝ խաղաղության պայմանագիրը, որով վերջակետ կդրվեր այդ պատերազմին… Եվ երկար ու ձիգ տարիներ, մինչև 2016թ մենք տեսանք դիրքային փոխհրաձգություններ, դիվերսիոն-հետախուզական գործողություններ… Իսկ 2016-ին Ադրբեջանն սկսեց լայնածավալ, հարձակողական մարտական գործողություններ: Եթե 1994թ. ունենայինք այդ փաստաթուղթը, ինչու ոչ, Մինսկի խմբի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո, ապա այդ կազմակերպությունը պատասխանատու կլիներ և համարժեք գնահատական կտար, թե ով է նախահարձակ եղել, ով է կազմակերպել դիվերսիոն հետախուզական գործողությունները, ով է դիպուկահար հրացաններից կրակել…»:
Վ. Բալասանյանի գնահատմամբ՝ 2016թ ապրիլին եղել է ոչ թե հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն, այլ լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմ՝ նպատակ ունենալով հյուսիսային և հարավային կողմերում ջլատել պաշտպանության բանակի ուժերը, և գլխավոր հարվածը եղել է Աղդամի ուղղությամբ: «Մենք տեսանք և՛ պլանը, և՛ տեխնիկայի քանակը, և զենքերի՝ անգամ արգելված զինատեսակների կիրառումը… Այսինքն՝ Արբեջանն ինչ ուներ, գործի էր դրել, և ասել, որ դա եղել է պատժիչ գործողություն՝ ի պատասխան իբրև թե հայկական կողմի դիպուկահարների կրակոցների, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»:
Վ. Բալասանյանի դիտարկմամբ՝ 2016-ին հայկական կողմի զգոնությունն ընկել էր. «Մենք հարգել ենք և ընդունել համանախագահների բոլոր առաջարկությունները, միգուցե պատճառը դա է եղել, որ մենք հավատացել ենք, և որ ինչ-որ տեղ մեր զգոնությունը թուլացել էր»:
«Ապրիլի 5-ին ես եղել եմ Աղդամի տարածքում»,- նշեց մեր զրուցակիցը և վստահեցրեց, որ մեր պաշտպանական բանակը ապլիլի 3-ի լույս 4-ի գիշերը պատրաստ է եղել լայնածավալ հարձակման, և մեր Զինված ուժերը հարյուր տոկոսով պատրաստ են եղել հետ բերելու դիրքերը, բայց ապրիլի 5-ին պատերազմը կասեցվել է. «Ադրբեջանը վայրկյան առաջ դիմել էր ՌԴ-ին, և ՌԴ-ն միջամտեց, ընդառաջեց, կանգնեցրեց պատերազմը: Հայկական կողմը որևէ մեկին չի դիմել, չի խնդրել, որ մարտական գործողությունները դադարեցվեն, մենք պատրաստ էինք հետ բերել մեր դիրքերը և անցնել հակահարձակման»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































