ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափն այսօր վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ ՀՀ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ոչ մի տարածք չի զիջվելու․ հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ։ Նա նաև հավելել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։
«Սա բոլորովին նոր մոտեցում է խնդրին, որը միայն ողջունել կարելի է, որովհետև այս երկար տարիների ընթացքում մեր բանակցային և, ընդհանրապես, միջազգային հարաբերությունների տրամաբանությունը այլ ձևի է զարգացել։ Հիմա ասվում է այն, ինչը, ըստ երևույթին, վաղուց պետք է ասվեր՝ ի պատասխան այն քաղաքական դիրքորոշմանը, որ ունի Ադրբեջանը։ Սա ըստ երևույթին կարող է բոլորովին նոր էջ բացել հետագա բանակցային գործընթացների ճանապարհին։ Փոխվում է սեգմենտը։ Եթե մինչ այդ խոսվում էր պաշտպանական, հաշտվողական տրամաբանությունից ելնելով, ապա հիմա ասվում է՝ մենք պատրաստ ենք, շարունակելու ենք խաղաղ համագործակցության գործընթացը, բայց անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք անելու այն, ինչը որ ասվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հավելեց․ «Ես կարծում եմ, որ այո, այս հայտարարությունը կարևոր էր, և կարևոր է նաև հասկանալ՝ մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ պատերազմի սպառնալիքի ներքո չենք բանակցելու խաղաղության մասին։ Այսինքն՝ այնպես չի լինելու, որ ատրճանակը պահի մեր գլխին, և մենք գնանք բանակցությունների։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա պետք է փորձենք քայլ առ քայլ կերտել փոխվստահության այդ մթնոլորտը»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































