ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների կիրառման հիմքով նոր քրեական գործ հարուցվի։ Սաքունցը պնդում է, որ այս գործի վարույթի կասեցումից հետո իրենք ձեռք են բերել քաղաքացիական հագուստով ոստիկանների տվյալներ։ Ընդ որում՝ Սաքունցը շատերին հայտնաբերել է ոստիկանության պաշտոնական կայքէջում՝ police.am-ում՝ արդեն իսկ բարձր պաշտոնների պետեր են նշանակված, որոշները նույնիսկ մեդալներ ունեն ստացած: Ընդհանուր առմամբ Սաքունցը բացահայտել է մոտ 20 հոգու և պնդում է, որ կարելի է գործ հարուցել այդ օրերին ոստիկանության ապօրինի գործողությունների մասով։
Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեղավորներին հայտնաբերելն ու պատժելը խիստ անհրաժեշտ է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց. «Ապօրինություններ գործած ոստիկանները վերջապես պետք է պատժվեն։ Այդ թողտվությունը ի՞նչ հիմքեր ուներ։ Ես զարմանում եմ այս իշխանությունների պասիվության վրա»։
Ալեքսանյանը տարակուսում է. «Ինչո՞ւ է կասեցվել գործը, ի՞նչ է նշանակում այդ կասեցումը, Հայաստանի նոր, ժողովրդավարական իշխանությունները ի՞նչ են մտածում, նրանք պետք է, չէ՞, ինչ-որ ձևով տարբերվեն նախորդ իշխանություններից»։
Իրավապաշտպանը գործի բացահայտումն ու մեղավորներին պատժելը շատ կարևոր է համարում հատկապես միջազգային կառույցների հետ մեր համագործակցության համար. «Դա Հայաստանի վարկանիշի մասին է խոսելու, ի՞նչ են արել ՀՀ նոր իշխանություններն այս ուղղությամբ։ Մենք չենք մոռացել այդ ջարդը, բռնությունները, տեռորը, որ իրականացնում էին ոստիկանները մարդկանց, լրագրողների նկատմամբ»։
Ալեքսանյանն ընդգծում է՝ լրագրողների իրավունքները ոտնահարվել են թե՛ «Էլեկտրիկ Երևանի» և թե՛ Սարի թաղի իրադարձությունների ժամանակ։ «Լրագրողներն ահավոր օրեր են ապրել, ինչպե՞ս կարելի է ապօրինություններ իրականացրած ոստիկաններին պատասխանատվության չենթարկել։
Մենք հիմա տեսնում ենք, որ այդ անպատժելիությունը հիմք հանդիսացավ, որ ոստիկանները գոյատևեն նույն մեթոդներով»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ երկու կարիք լինել չի կարող, գործը պետք է բացահայտվի, իսկ մեղավոր բոլոր ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության. «Օսիպյանից բռնած, Վովա Գասպարյանից վերջացրած՝ պետք է հարցաքննվեն, ասում էր՝ գժուկներ և այլն… այդ ամենը մենք չենք մոռացել։ Իրենք են հրամաններ տվել, որ լրագրողներին ծեծեն, կամ էլ իրենց վերահսկողությունից դուրս են թողել»։
Բարսեղյանը պնդում է՝ կան թե՛ լուսանկարները, թե՛ վիդեոները, և ցանկության դեպքում գործը շատ արագ հնարավոր է բացահայտել։ «Մենք Հատուկ քննչական ծառայության կարծիքը չենք կիսում, գործը պետք է վերաբացել, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Լուսանկարը՝ Photolure-ի









































