Մշակութային արժեք ներկայացնող իրերի գծով մասնագիտացած հոլանդացի խուզարկու Արթուր Բրանդը Նիդերլանդներում գտել է Պաբլո Պիկասոյի 1938 թվականին արված «Կնոջ կիսանդրին» կտավը։ Այդ մասին տեղեկացնում է TASS-ը։
Կտավը, որի վրա պատկերված է նկարչի սիրելին՝ Դորա Մաարը, գողացվել է Ֆրանսիայում 1999 թվականին։ Այն գողացվել է սաուդյան շեյխի զբոսանավից։
Կտավի մոտավոր արժեքը կազմել է 4 մլն եվրո։ Արվեստի գործի մասին տեղեկություն հաղորդելու համար 400 հազար եվրոյի չափով պարգևատրում էր սահմանվել, սակայն այն այդպես էլ չէր գտնվել։

Շատ տարիներ անց Բրանդը հայտնաբերել է մի գործարարի, ում պատկանել է «Կնոջ կիսանդրին» վերջին տարիների ընթացքում։ Գործարարը ինքն էր հասկացել, որ իր մոտ գտնվող կտավը գողացված է և որոշել էր ազատվել դրանից։
Այժմ Պիկասոյի գլուխգործոցի արժեքը կազմում է մոտ 25 մլն եվրո։






































