Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասել է նախարարը:
Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության հետ կապված հատուկ կարծիք չունի, բայցև ուրախ է, որ այդ օրն ինչ-որ կերպ ամրագրվելու է. «Ընդհանրապես ինձ համար ամեն օր է քաղաքացու օր։ Ըստ իս՝ ինչ-որ ձևով այդ օրը նշելու կարիք կար, լավ է, որ հռչակվում է հենց քաղաքացու օր և ոչ թե հեղափոխության, որովհետև հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ է և պետք է հասցվի իր ինստիտուցիոնալ ավարտին»։
Զարուհի Հովհաննիսյանը հավելեց. «Կարծում եմ, որ այդ օրը, այդ իրադարձությունները պետք է հիշվեն ինչ-որ օրով՝ որպես խաղաղ անհնազանդության, խաղաղ փոփոխությունների ընթացքի մասին պատմող տարեդարձ։ Լավ է, որ հենց քաղաքացու անունով է ֆիքսվելու, հենց գիտակցության, քաղաքացու ինքնագիտակցության բարձրացման, քաղաքացիության իրավունքի մասին խոսելու համար։ Ես ամեն դեպքում ուրախ եմ, որ այդպիսի մի բան լինելու է։ Առանձնահատուկ որևէ բան ասել չեմ կարող»։
Անդրադառնալով համացանցում այս հարցի շուրջ քննարկումներին՝ Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Ամեն քաղաքացի կարող է իր մոտեցումն ունենալ, փորձագիտական գիտելիքներ պետք չեն։ Իմ անձնական կարծիքով՝ լավ նախաձեռնություն է, և այդ օրը պետք է ինչ-որ ձևով նշել»։
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությանը լավ է վերաբերվում, սակայն ըստ նրա՝ մնում և հաստատվում են այն նախաձեռնությունները, որոնք գալիս են ոչ թե վերևից, այլ ներքևից. «Մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք մի իրավիճակում, որտեղ բազմաթիվ նախաձեռնություններ հռչակվում էին որպես տոնական օրեր։ Մենք հիմա չենք էլ հիշում, թե ինչ է նշանակում այս կամ այն օրը։ Օրինակ՝ առաջարկվող օրվա հաջորդ օրը՝ մայիսի 1-ը, ի՞նչ է նշանակում, կամ մարտի 8-ը։ Իմ կարծիքով՝ այդ անորոշությունը շրջապատում է նաև առաջարկված տոնական օրը՝ Քաղաքացու օրը»։
Ըստ Խզմալյանի՝ նման բաները պետք է արվեն այնպես, ինչպես Եվրոպայում. «Այնտեղ նոր զբոսայգի կառուցելուց առաջ ընտրվում են արահետները։ Մոտավորապես մեկ տարի ոչ մի արահետ հողի վրա չի արվում, և ճարտարապետները հետևում են, թե ինչպես են քայլում մարդիկ։ Այդ բնական, տրորված ճանապարհներով արդեն քարից, կավից, ասֆալտից շերտ է արվում ու դառնում ճանապարհ։ Այսինքն՝ ժողովուրդը պետք է ընտրի, թե որ օրն է իրեն զգում քաղաքացի»։
Մեր զրուցակիցն ընդգծեց. «Բանն այն է, որ մենք բազմաթիվ ապստամբություններ ունեինք… ինչո՞ւ մենք որպես հասարակություն չենք ընտրել որևէ մեկը, որովհետև հասարակությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար զգում է մի բան։ Իրականում ոչինչ լուրջ չի փոխվել, հենց մենք իրական հեղափոխությունը զգանք մեր մաշկի վրա, մեր երեխաների ճակատագրում, մեր ծնողների, երկրի, պետության ճակատագրում, ապա առանց հռչակելու էլ նման օր կորոշվի և կնշվի։ Մենք դեռևս տեղ ու հիմք չունենք հաղթանակներ տոնելու։ Մենք դեռևս մնում ենք ռուսական գաղութ, դեռևս չենք արել այն ամենը, ինչի համար արվում են հեղափոխությունները՝ մենք դեռևս ազատ, անկախ պետության կարգավիճակին չենք հասել»:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի







































