Ես միայն առանձին ներդրումների մասին տեղեկատվություն ունեմ, որովհետև ինքս տարբեր գործարարների հետ հանդիպումներ եմ ունենում, այդ թվում դրսի գործարարների, և ուղղորդում եմ նրանց դեպի կառավարություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ հենց երեկ իրեն մի գործարար նամակ է գրել, որն ուզում էր շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ իրականացնել.
«Ցանկանում ենք, բնականաբար, մեր բոլոր ներդրողներին օգնել ինչով հնարավոր է, որպեսզի այդ ներդրումներն իրականություն դառնան»,-ասաց Պապոյանը։
Հարցին, թե ի վերջո, հասարակ քաղաքացին երբ իր մաշկի վրա կզգա ներդրումների շարժը, նա արձագանքեց. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև տարբեր ազդակներ են գալիս, թե երբ կբարձրանա աշխատավարձը, երբ կբարձրանան թոշակները և այլն։ Սրանք շատ կարևոր հարցեր են։ Ըստ էության, մենք 2018 թվականի ընթացքում աշխատավարձի և թոշակի որոշակի բարձրացում ունեցել ենք, բայց դա չի եղել ցանկալի չափով և ամբողջական մասշտաբով։ Դրանք միայն որոշակի խմբերի են վերաբերվում։ Սրանք շատ կարևոր հարցադրումներ են, որովհետև ներդրումների էֆեկտը հենց աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը պետք է լինի։ Մենք չենք կարող գնալ աշխատավարձի և թոշակի բարձրացման, եթե չունենք այդ ռեսուրսները կամ չունենք այդ տեսլականը, որ ապագայում այդ տեմպին կկարողանաս դիմանալ»։











































