Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ռուս միլիարդատերերի տասնյակը, որում ներառված գործարարներն անցած տարվա ընթացքում ամենաշատ եկամուտն են ունեցել: Նրանք ակտիվների վաճառքից և դիվիդենտների տեսքով, ընդհանուր առմամբ, վաստակել են 11 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ վարկանշային աղյուսակը գլխավորել է հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան), որը 2,44 մլրդ դոլար է վաստակել «Մագնիտ» խանութների ցանցի արժեթղթերի 29%-ի վաճառքի արդյունքում: Գործարքը կայացել է փետրվարին: Գալիցկին արժեթղթերը վաճառել է «ՎՏԲ» բանկին և հեռացել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից:
Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև Միխայիլ Պրոխորովը (1,77 մլրդ դոլար), Վլադիմիր Լիսինը (1,59 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (1,46 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (1,12 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (1,12 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (740 մլն դոլար), Վիկտոր Վեկսելբերգը (710 մլն դոլար), Ռոման Աբրամովիչը (600 մլն դոլար), Սուլեյման Քերիմովը (490 մլն դոլար):








































