Օրերս Իսրայելի Քնեսեթում հետազոտվեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին քաղաքագիտական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը և պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էդիկ Մինասյանը:
Բանախոսները փաստեցին, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը զուտ ճնշման գործիք էր: Մինասյանը նշեց, որ այսօր կա Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու խնդիր՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, և Թուրքիան՝ որպես իսլամական երկիր, պաշտպանում է այս հարցը:
«Այսօր աշխարհի երկրների մեծ մասն իրենց շահերից ելնելով են քննարկում Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը բացառություն չէ, դա բխում է թուրք-իսրայելական խնդիրներից: Քնեսեթում քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը՝ Իսրայելը ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Պաղեստինի ճանաչումից»,-պարզաբանեց Մինասյանը` հավելելով, որ Պաղեստինի առաջնորդը եղել է նաև Ադրբեջանում, և Ալիևն էլ է խոստացել ճանաչել Պաղեստինի անկախությունը. «Տեղեկություններ կան, որ այս խնդրից ելնելով Իսրայելն էլ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցն է դրել»:
Շիրինյանն էլ արձագանքելով նշեց, որ Իսրայելը մի քանի երես ունի և Քնեսեթում հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը ևս բխում է իսրայելական շահերից. «Դրանք (Իսրայելը և Թուրքիան) երկու բարեկամներ են, որոնք իրար պարտադրաբար ցանկանում են բարեկամ մնալ: Նրանք միմյանց խփում են սեղանի տակ, սակայն առերես կարողանում են լուծել իրենց հարցերը: Այս անգամ էլ է նույն խնդիրը` ո՛չ Իսրայելն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ո՛չ էլ Թուրքիան` Պաղեստինի անկախությունը»: