«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների փակուղայնությանն ու անորոշությանն առնչվող բոլոր տեղեկությունները կապ չունեն իրականության հետ, և միանշանակ՝ այդ հարաբերությունները առնվազն շարունակվում են այն ծավալով, ինչ ծավալով որ եղել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բավականին սթափ են նայում այն Հայաստանին, որը կա թավշյա հեղափոխությունից հետո. «ՆԱՏՕ-ի և Հայաստանի հարաբերություններում բանաձևը չի փոխվել՝ երկու կողմերն էլ հասկանում են, որ գործընկերությունը բխում է երկու կողմերի շահերից: Հիմքն այն է, որ Հայաստանը որքան ցանկանա, այնքան խոր հարաբերություններ կարող է ունենալ ՆԱՏՕ-ի հետ»:
Ինչ վերաբերում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցությանը, քաղաքագետը նկատեց՝ Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի. «Եթե երկիրը չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռահար նպատակ, իրականում վախենալու խնդիր չպետք է ունենա: Ինձ համար շատ կարևոր է, որ հայկական զինված ուժերը մաքսիմալ մեծ փորձառություն և համագործակցություն ունենան, իսկ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ու առաքելություններն այդպիսին են: Այդ առումով դա շատ կարևոր է պատերազմական վիճակում գտնվող մեզ նման երկրի համար»: Իսկ թե ինչու են Հայաստանի իշխանությունները որոշել չմասնակցել, Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Երևի ՆԱՏՕ-ի շաբաթից հետո շատ չգրգռելու համար. մեր ռուս գործընկերները արդեն որոշակի անհանգիստ շարժումներ արել են»:
Միջազգայնագետ Արմենակ Մինասյանցի կարծիքով էլ՝ կոնկրետ այդ զորավարժությունների տարածաշրջանային ֆակտորը բավականին փոքրացված է. «Այն ընդգծված երկկողմանի օրակարգ է՝ Վրաստան և ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի այց Վրաստան, այսինքն՝ զորավարժությունների ընդհանուր ձևաչափն այնպիսին է, որ մեր մասնակցություն-չմասնակցությունն այդքան կրիտիկական չէ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































