«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները լուրջ հակազդեցության են արժանանում նախկին իշխանությունների և նրանց հետ սերտորեն կապված ուժերի կողմից։ Վերջիններս փորձում են սոցիալական խնդիրների շահարկմամբ հարվածել իշխանությանը։ Ըստ Ձեզ՝ արդյոք Փաշինյանի կառավարությունը բավարար կամք և ուժ կունենա՞ շարունակելու իր նպատակների իրականացումը։
– Նկատի ունենանք, որ սոցիալական խնդիրների շահարկումը քարոզչության մի շերտն է միայն: Սակայն այն կարող է ինչ-որ պահի ավելի ազդեցիկ լինել, քան քարոզչության մյուս՝ առավել տարածված թեմաները՝ «Ղարաբաղը ծախելը», «ավանդական արժեքները» կամ Սորոսն ու դավադրության տեսությունները: Սոցիալական խնդիրների շահարկումը հատկապես հարմար է այն պատճառով, որ պահանջվող արմատական բարեփոխումները կարճաժամկետ առումով հաճախակի տեսանելի առաջընթաց ապահովել չեն կարող, իսկ չափազանց մեծ սպասումների առկայության ֆոնին թեկուզ կարճատև տնտեսական անկման պայմաններում հնարավոր է դժգոհության աճ: Մյուս կողմից՝ եթե անգամ անհրաժեշտ բարեփոխումները համատարած աջակցություն չեն վայելում, հետհեղափոխական էյֆորիան տարիներ շարունակ չի կարող տևել, և անհրաժեշտ է բարեփոխումներն իրականացնել բավական կարճ ժամանակահատվածում:
Կամքը կարծես թե առկա է, սակայն ուժի առումով կա հետևյալ խնդիրը: Ուժ ասելով չպետք է հասկանանք միայն քաղաքական մեծամասնության և վերացական հասարակական օժանդակության առկայությունը: Հասարակության տարբեր շերտերի աշխարհընկալման և սեփական ու հանրային շահերի գիտակցության աստիճանը, քաղաքացիների քաղաքական ու տնտեսական գրագիտության աստիճանն է կարևոր, և այդ ոլորտում ևս մեծ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որպեսզի վերացական հասարակական օժանդակությունից զատ՝ նաև պատշաճ կերպով հնարավոր լինի աշխատանքը կազմակերպել՝ սկսած համայնքների մակարդակից: Այսպես, Ն. Փաշինյանի՝ գյուղ կատարած անսպասելի այցելությունը բացահայտեց տեղական ինքնակառավարման արդյունավետությանը, ռեսուրսների օգտագործմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, որոնք գաղտնիք չէին, սակայն շատերի համար կարծես տեսանելի էլ չէին: Մարդկանցից շատերը փոխվստահության պակասի պատճառով չեն ցանկանում համատեղ աշխատանք կազմակերպել՝ չնայած այդ դեպքում վարկավորման ավելի լավ պայմաններին, տեխնիկայի հասանելիությանը, արտադրանքն առանց ավելորդ միջնորդների իրացնելու հնարավորությանը և այլ առավելություններին, վերապատրաստում անցնել ու նոր հմտություններ ձեռք բերել չեն ցանկանում, երբեմն անգամ շուկայի պահանջարկին չեն հետևում, «բարի թագավորից» լուծումներ են ակնկալում, ոմանք պարտադիր ցանկանում են պետական համակարգում աշխատել և այլն: Քաղաքացիական կրթության համապատասխան ծրագիր չիրագործելու, այդօրինակ աշխարհընկալման դեմ չպայքարելու դեպքում, տեղական մակարդակի խնդիրները վարչապետի կամ նախարարների մակարդակով ստիպված լուծելու դեպքում կառավարության ուժը դժվար թե կարող է բավարարել, հատկապես երկարաժամկետ առումով:
– Կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու օպտիմալացումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնեն երկրում։
– Կարևոր փոփոխություններից մեկը վերը նշածս խնդրի հետ է կապված. պետք է լինի լիազորությունների հստակ բաժանում. խնդիրները լուծվեն համապատասխան մակարդակներում՝ սկսած համայնքից: Շատ անելիք կա, իհարկե, վարչարարության ծավալները նպատակահարմար է նվազեցնել՝ պարզեցնելով մի շարք գործառույթներ. հանկարծ չստացվի, որ օպտիմալացման արդյունքում թղթաբանությունն ավելանա, եղել են նման դեպքեր: Դրա համար պետք է զուգահեռաբար նաև էլեկտրոնային ծառայությունների համակարգն ընդլայնել: Իհարկե, կառավարության կառուցվածքից բացի, այլ անհետաձգելի բարեփոխումներ էլ են պահանջվում, մասնավորապես՝ դատական և առհասարակ՝ արդարադատության համակարգում:
– Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում կառավարող ուժի վարկանիշը նվազելու է։ Արդյո՞ք այդ դեպքում հակահեղափոխության վտանգ չկա՝ հաշվի առնելով «ընդդիմության» ունեցած ռեսուրսները և ապատեղեկատվության ահռելի ծավալը։
– Իսկապես, նախկին համակարգը վերականգնելուն ձգտողները փորձելու են ապակայունացնել իրավիճակը՝ օգտագործելով ֆինանսական և լրատվական ռեսուրսները: Սրա կապակցությամբ շատ անելիք կա. մեդիագրագիտության և առհասարակ՝ քաղաքացիական կրթության ծրագրերի իրականացումից սկսած, անցումային արդարադատությամբ և ապօրինի հարստացման դեմ միջոցներով վերջացրած: Սկզբունքային խնդիր է նաև Ռ. Քոչարյանի՝ 1998-ին կեղծիքի միջոցով նախագահի թեկնածու առաջադրվելու և նախկին պաշտոնյաների կատարած այլ ապօրինությունների պատշաճ քննությունը:
Նպատակահարմար է նաև հեղափոխության արժեքների ու արդյունքների պահպանմամբ շահագրգռված «ընդլայնված կոալիցիա» ստեղծել: Այժմ, երբ ԱԺ-ն և կառավարությունը ձևավորված են, անհրաժեշտ է մասնավորապես կառավարման միջին օղակում ավելի շատ ներգրավել մարդկանց, որոնք, հեղափոխությանը սատարած լինելով և աշխատանքային փորձ ունենալով, միաժամանակ վստահելի են՝ այն առումով, որ Ռ. Քոչարյանի կողմը չեն անցնի՝ անկախ նյութական խթաններից: Կարծում եմ՝ հատկապես 2008-ին քաղաքական գործունեությունը սկսած երիտասարդ պաշտոնյաները պետք է հասկանան դրա անհրաժեշտությունը:







































