Բազմաթիվ քաղաքացիներ մեզ դիմում են, որ կան մարդիկ, որոնք նպաստի ենթակա չեն, բայց ստանում են նպաստ, և կան մարդիկ, որոնք իսկապես պետք է նպաստ ստանան, բայց չեն ստանում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե այսօր Հայաստանում շուրջ 11 հազար նպաստառու, որոնք ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:
«Այս խնդիրը հասարակության մեջ վաղուց տեսանելի էր։ Բնականաբար, վարչապետը պետք է արտահայտեր իր տեսակետը, որովհետև հանրային պահանջ կա, թե ինչ պետք է անի կառավարությունն այս խնդիրը լուծելու համար»,-ասաց Բագրատյանը։
Ինչ վերաբերում է արտերկրից ուղարկվող դրամական տրանսֆերտներին, որոնցով մարդիկ իրենց կենցաղային խնդիրներն են լուծում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այստեղ մենք պետք է ճիշտ գնահատել կարողանանք։ Ի վերջո, թացը չորի հետ չխառնելու համար պետք է հստակ լինի, թե ինչ չափորոշիչ ենք դնում։ Եթե դնում ենք, որ մարդը վարկ է սպասարկում ասենք, 300-400 հազար, բայց պարզվում է, որ այդ վարկը այդ մարդունը չի, այլ այն մարդուն է, որ տրանսֆերտի տեսքով այդ փողն ուղարկում է, որ իր վարկը վճարեն։ Հիմա այս մարդն ինչու պետք է տուժի այն պատճառով, որ եղբայրը վարկ ունի և այդ վարկը սպասարկվում է»,-ասաց պատգամավորը։










































